ԵՄ Խորհուրդը հաստատել է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման երկարաժամկետ ռազմավարությունը, այն կփոխանցվի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային (UN FCCC), հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Խորհուրդը ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների անունից ընդունել է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման երկարաժամկետ ռազմավարությունը: Այն կփոխանցվի UN FCCC- ին՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի»,- ասված է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը լիովին հավատարիմ է Փարիզյան համաձայնագրի երկարաժամկետ նպատակներին՝ կապված մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումների նվազեցման հետ, եւ նպատակ է դրել մինչեւ 2050 թվականը հասնել ԵՄ անդամ երկրների ներսում կլիմատիկ չեզոքության:
«ԵՄ-ն նաեւ Փարիզյան համաձայնագրի բոլոր կողմերին կոչ է անում բացահայտել իրենց ռազմավարությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Փարիզի համաձայնագիրը նպատակ ունի մինչեւ դարի վերջ կանխել ավելի քան երկու աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը՝ համեմատած նախաարդյունաբերական ժամանակաշրջանի հետ (19-րդ դարի կեսեր): Ինչպես ասվում է գիտական զեկույցներում, այժմ այդ խնդիրն անկատար է. նույնիսկ եթե առկա պարտավորություններն ամբողջությամբ կատարվեն, դա նշանակում է նախարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ 3-4 աստիճանով տաքացում, ինչը սպառնում է սառցադաշտերի հետագա հալմամբ, մի շարք կղզային պետություններում ջրհեղեղներով, ծայրահեղ եղանակային պայմաններով, կենսաբանական տեսակների անհետացմամբ, հիվանդությունների տարածմամբ, ստորգետնյա ջրային ռեսուրսների կրճատմամբ:
Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցով իրենց ծրագրերը ներկայացնելու մտադրության մասին հայտարարել է 84 երկիր, նրանցից 11-ը՝ Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսլանդիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան, սկսել են «ամբիցիաների բարձրացման» ներքին պրոցեսներ: Այդ երկրների թվում չկան Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Ճապոնիան, որոնք ներառված են CO2-ի արտանետումների մակարդակով առաջին հնգյակում: ԱՄՆ-ն, որը արտանետումների մակարդակով երկրորդ տեղում է, Փարիզյան համաձայնագրից դուրսբերման պրոցես է սկսել:




























