Starbucks ընկերությունը ժամանակավոր արգելք է մտցրել իր սրճարանների այցելուների համար անձնական բաժակների եւ գավաթների օգտագործման վրա։ Այս միջոցառումը, ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը, հղում կատարելով ընկերության հայտարարությանը, ուղղված է COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, ընկերությունում նշել են, որ սեփական ամանեղենը բերող հաճախորդների համար նախկինի պես 10 տոկոս զեղչ կարվի, նույնիսկ եթե նրանք չկարողանան դրանից օգտվել։ Starbucks-ի ներկայացուցիչ Ռոզան Ուիլյամսը հույս է հայտնել, որ արգելքը ժամանակավոր բնույթ կկրի։ Նրա խոսքերով՝ ընկերությունը իր բոլոր սրճարաններում նաեւ «ուժեղացրել է ախտահանման միջոցառումները», ինչպես նաեւ հետաձգել է խոշոր հանդիպումների անցկացումը ԱՄՆ-ի եւ Կանադայի իր գրասենյակներում։

Սիեթլում սրճարանների ցանցը, ինչպես հիշեցրել է CNN-ը, հաճախորդներին 1985-ից ըմպելիքի գնման զեղչեր է տրամադրում, եթե նրանք իրենց բաժակներն են օգտագործում։ 2010թ․ Starbucks սկսել է ակցիա, որը քարոզում է անձնական բաժակների օգտագործումը, որպեսզի նվազեցվի թղթի թափոնների քանակը։