Ուրբաթ «Արմենիա» ավիաընկերությունը տարածել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանի ուղերձը, որում հաղորդվում է Լիոն չվերթների ժամանակավոր չեղարկման մասին, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն:
«Հարգելի գործընկերներ եւ ուղեւորներ, ելնելով Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման տեմպերի զգալի աճից, հաշվի առնելով այս երկրի հայտարարությունը, ինչպես նաեւ գնված տոմսերի զանգվածային վերադարձը, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մարտի 16-ի եւ 23-ի, ինչպես նաեւ ապրիլի 2-ի, 6-ի, 13-ի Երեւան-Լիոն-Երեւան չվերթները:
Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոխարինվեն՝ առանց որեւէ լրացուցիչ տուգանքի:
Հավելեմ, որ իրականացվելու են միայն մարտի 30-ի եւ ապրիլի 10-ի չվերթները՝ անհրաժեշտության դեպքում Լիոն եւ հակառակ ուղղությամբ թռչելու հնարավորություն տալով: Բոլորին մաղթում ենք առողջություն եւ հաճելի թռիչք»,- նշված է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի ուղերձում:
Ֆրանսիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության համաճարակ սկսվելու մասին հայտարարելու մտադրության մասին:





























