Հնդկաստանի Քերալա նահանգի բժիշկները երեք ամսական երեխայի մոտ կորոնավիրուս են ախտորոշել. երեխան վերջերս էր ընտանիքի հետ վերադարձել Իտալիայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:
Վարակման նոր դեպքը 41-րդն է դարձել Հնդկաստանում: Հիվանդներից երեքը ապաքինվել են եւ դուրս են գրվել հիվանդանոցից: Ըստ պարբերականի` օդանավակայանում ջերմասկաներները ցույց են տվել, որ շաբաթ օրը Հնդկաստան ժամանած տղան ջերմում է, ինչից հետո նա իր ընտանիքի հետ ուղարկվել է կարանտին, իսկ երեխայի թեստերը` հետազոտման: Երկուշաբթի ստացված արդյունքները հաստատել են երեխայի մոտ կորոնավիրուսի առկայությունը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: ԱՀԿ-ն բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել եւ տվել դրան COVID-19 պաշտոնական անունը:




























