Մոլդավիայի նախագահ Իգոր Դոդոնը պահանջել է քրեական պատասխանատվություն սահմանել կորոնավիրուսի տարածման համար: Այս մասին նա գրել է Ֆեյբուքի իր էջում:
«Արտակարգ դրությունն արտակարգ միջոցներ է պահանջում: Այդ կապակցությամբ զգուշացնում եմ բոլոր նրանց, ովքեր սպառնալիքի տակ են դնում մյուսների կյանքն ու անվտանգությունը՝ դուք օրենքով պատասխան եք տալու: Կառավարությանը խնդրել եմ մշակել եւ ընդունել օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի քաղաքացիները, որոնք սխալ տեղեկություն են ներկայացնում, չեն հետեւում իշխանությունների եւ բժիշկների խորհուրդներին, քրեական պատասխանատվության ենթարկվեն եւ տուգանվեն»,- գրել է նա:
Նման միջոցների են որոշել դիմել, երբ կորոնավիրուսով վարակված Մոլդավիայի մեկ քաղաքացի որոշել է լքել Իտալիայի հիվանդանոցը եւ ծանր վիճակում տեղափոխվել է Քիշնեւ: Ընդ որում, հիվանդության մասին նա չի հայտնել ո՛չ բորտուղեկցորդներին, ո՛չ սահմանապահներին: Արդեն ինքնաթիռում նրա վիճակը վատացել է, եւ վայրէջքից հետո նրան հոսպիտալացրել են:
Համապատասխան փոփոխությունները նախագահը հրամայել է նախապատրաստել մինչեւ մարտի 11-ը: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման միայն մեկ դեպք:





























