Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը, արքայազններին կալանավորելով, ցանկանում է թագավորական ընտանիքի ներսում քննադատներին վճռական ուղերձ հղել՝ չհամարձակվեք հակազդել գահակալման իմ իրավահաջորդությանը, փոխանցում է Reuters-ը:

Ըստ գործակալության աղբյուրների՝ Մոհամմեդի գլխավոր թիրախը Սալման թագավորի եղբայրն է՝ արքայազն Ահմեդ բին Աբդուլազիզը, որը Հավատարմության խորհրդի 3 անդամներից մեկն է՝ թագավորական մարմին, որը պահպանում է իրավահաջորդության գիծը, որ հակազդի Մոհամմեդ բին Սալմանին, որը գահաժառանգ արքայազն է դարձել 2017 թվականին:

Այս քայլն ուղղված է Ալ Սաուդների իշխող ընտանիքի զիջողության ապահովմանը, որը դժգոհություն է հայտնել Սալման թագավորի մահվանից կամ գահից հրաժարվելուց հետո հնարավոր իրավահաջորդության նախաշեմին, պնդում են աղբյուրները:

Աղբյուրներից մեկը կալանավորումները բնորոշել է որպես նախազգուշական ջանք՝ երաշխավորելու համար, որ Հավատարմության խորհուրդը կհաստատի «արքայազն Մոհամմեդի գահակալումը», երբ ժամանակը գա:

78-ամյա Ահմեդը կալանավորվել է ուրբաթ Մոհամմեդ բեն Նայֆի հետ, որը գահաժառանգ արքայազնն էր մինչեւ այն, երբ նրան տապալեցին 2017 թվականին, իսկ նրան փոխարինեց Մոհամմեդ բին Սալմանը: Կալանավորվել են նաեւ Ահմեդի որդի Նաիֆը եւ Մոհամմեդի եղբայր Նավաֆը:

Աղբյուրները հայտնել են, որ արքայազններին պահում են մայրաքաղաք Էր Ռիադում թագավորական վիլլաներում, եւ ոմանց թույլ են տվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Գահաժառանգ արքայազն Մոհամմեդը վախենում է, որ դժգոհ արքայազնները կարող են համախմբվել Ահմեդի եւ Մոհամմեդ բեն Նայֆի շուրջ՝ որպես գահ բարձրանալու պոտենցիալ այլընտրանք, հայտարարել է 2 աղբյուր:

«Սա իշխանության փոխանցման նախապատրաստություն է,- ասել է այդ աղբյուրներից մեկը: - Սա հստակ ազդանշան է ընտանիքին, որ ոչ մեկը չի կարող «ոչ» ասել կամ համարձակվել դեմ հանդես գալ»:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն հաստատել եւ չեն մեկնաբանել ձերբակալությունները, որոնք սաուդյան լրատվամիջոցներում չեն լուսաբանվել:

Եթե 34-ամյա Մոհամմեդ բին Սալմանը դառնա հոր ժառանգորդը, սա կլինի Սաուդյան Արաբիայի իշխանության առաջին փոխանցումը 1953 թվականին պետության հիմնադիր Աբդուլազիզ Իբն Սաուդի մահվանից հետո:

Հավատարմության խորհուրդը, որը կազմված է Աբդուլազիզի 34 որդիներից յուրաքանչյուրի տան մեկ անդամից, կոչված է ապահովելու նոր թագավորին հարյուրավոր արքայազնների աջակցությունը, որոնք կազմում են թագավորական ընտանիքի հաջորդ սերունդը:

Օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ կալանավորումները եւս մեկ հարված դարձան երկրի իմիջին արտասահմանում, որը հազիվ է վերականգնվել 2018-ին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության եւ Եմենում պատերազմի քննադատության հետեւանքով առաջացած իրարանցումից:

Գահաժառանգ արքայազն Մոհամմեդը 2017 թվականին արդեն ձերբակալել էր թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների եւ Սաուդյան Արաբիայի հայտնի գործարարների, ինչը վախեցրել էր ներդրողներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Ի սկզբանե, աղբյուրները հայտարարել էին, որ ձերբակալված արքայազնները մեղադրվում են Մոհամմեդի գահ բարձրանալը կանխելու նպատակով հեղաշրջման դավադրության մեջ: Այնուամենայնիվ, այս աղբյուրներից որոշներն այժմ խոսում են այդ ձերբակալությունների մասին` որպես արձագանք ոչ պատշաճ պահվածքին, այլ ոչ թե` թագաժառանգի դեմ դավադրության:

Արքայազն Ահմեդը հարցեր էր բարձրացրել թագաժառանգի դիրքորոշման վերաբերյալ, ներառյալ` իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման ԱՄՆ-ի պլանի հետ կապված:

Շաբաթ օրն Ահմեդը խնդրել էր իր ընտանիքին բերել իր բիշթը` ավանդական վերարկուն, որը կրում են պաշտոնական առիթներով` ենթադրելով, որ շուտով կարող է հայտնվել հանրության առջեւ, հայտնել են երկու աղբյուրները:

Սաուդյան ինսայդերներն ու արեւմտյան դիվանագետները նշում են, որ ընտանիքը դժվար թե դիմակայի թագաժառանգին, քանի դեռ թագավորը ողջ է, եւ միապետը դեմ չի լինի իր սիրելի որդուն, որին նա հանձնարարել է կառավարման պատասխանատվության մեծ մասը:

Վերջին ձերբակալությունները հանգեցրեցին 84-ամյա Սալման թագավորի առողջության մասին շահարկումներին, սակայն աղբյուրները պնդում են, որ նա հոգեպես ու ֆիզիկապես առողջ է: Կիրակի օրը պետական հեռուստատեսությամբ ցուցադրել էին, թե ինչպես է նա ընդունում Սաուդյան Արաբիայի երկու նոր դեսպանների երդումը:

Ըստ աղբյուրների` արքայական ընտանիքները, որոնք ձգտում են փոխել շարունակականության գիծը, որպես հնարավոր տարբերակ տեսնում են արքայազն Ահմեդին, որը կունենա ընտանիքի անդամների, անվտանգության ուժերի եւ արեւմտյան որոշ տերությունների աջակցությունը:

Հավատարմության խորհրդի մյուս երկու անդամները, ովքեր դեմ էին, որպեսզի Մոհամմեդ բեն Սալմանը 2017-ին գահաժառանգ դառնա, ավելի երիտասարդ եւ պակաս աչքի ընկնող են, քան Ահմեդը: Նրանցից մեկն ապրում է արտասահմանում:

Քննադատները կասկածի տակ են դրել գահաժառանգի ղեկավարելու կարողությունը` սաուդյան գործակալների կողմից Խաշոգջիի սպանությունից եւ անցյալ տարի սաուդյան նավթային օբյեկտի հարձակումից հետո, նշում են աղբյուրները: Թագավորական ընտանիքի որոշ անդամներ դժգոհ են, որ արքայազն Մուհամմեդը շռայլություն է ցուցաբերում ընտանիքի շատ անդամների նկատմամբ, սակայն խստորեն սահմանափակել է իրենց տեղաշարժը եւ անվտանգության աշխատակիցների է կցել:

Արքայազն Մոհամմեդ բեն Նայիֆի տեղաշարժերը խիստ վերահսկոեղության տակ են 2017 թվականից:

Ահմեդն իրեն զուսպ է պահել 2018-ի հոկտեմբերին Էր-Ռիյադ վերադառնալուց ի վեր` երկուսուկես ամիս արտասահմանում մնալուց հետո, որտեղ նա, ըստ երեւույթին, քննադատել էր Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը: Սաուդյան դիտորդները նշում են, որ չկա որեւէ ապացույց առ այն, որ նա ցանկանում է տիրանալ գահին:

Ըստ աղբյուրի` գահաժառանգ արքայազնը գուցե ցանկացել է մաքրել իր ճանապարհն ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ` վախենալով, որ Դոնալդ Թրամփի պարտությունը կարող է ազդել իր դիրքի վրա: Ինչպես նշել է օտարերկրյա մի դիվանագետ, նա կարող է դեմ գնալ իր եղբորն ու հորեղբորը` նախազգուշական նկատառումներից ելնելով, մտավախություն ունենալով, որ «ամերիկացիները մի օր կարող են դիմել նրանց»: