Գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը կանգնած է վերջին 10 տարում թագավորության ամենահամարձակ եւ ռիսկային գործողությունների հետեւում: Նա վերջերս փակեց մուսուլման ուխտագնացների համար սրբավայրերը նոր կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար: Նավթի գները նվազեցնելու կառավարության որոշումը, ինչպես վերլուծաբաններն են ասում, հրահրեց Ռուսաստանի հետ գնային պատերազմը:

Լինելով հոր սիրելի որդին՝ 34-ամյա արքայազն է վերահսկում երկրի պաշտպանության, տնտեսության, ներքին անվտանգության, սոցիալական բարեփոխումների եւ արտաքին քաղաքականության բոլոր հիմնական ուղղությունները: Նա է գահի եւ դրա բացարձակ լիազորությունների միակ ժառանգորդը:

Դեպի իշխանություն արքայազնի հետաքրքիր ճանապարհը շաղախված է բանավեճով, կոնֆլիկտներով եւ պայքարով: AP-ն ներկայացնում է արքայազն Մոհամմեդի ամենառիսկային քայլերից մի քանիսը.

Թագավորության բարեփոխում

Թագավորական հրամանները կանանց համար ավտոմեքենա վարելու արգելքը չեղարկելու եւ կանանց անձնագիր ստանալու ու առանց տղամարդու թույլտվության արտասահման մեկնելու մասին թագավորությունում կանանց իրավունքների պաշտպանության գործում ամենանշանակալից քայլերն են: Այս որոշումները զգալի չափով վերացրին տղամարդկանց խնամակալության մասին օրենքների առանցքային դրույթները եւ կրճատեցին ժամանակին ուլտրապահպանողական կրոնական ոստիկանության լիազորությունները:

Դրանք նաեւ բացեցին թագավորությունում առավել լայն սոցիալական ազատականացման դարաշրջանը: Արքայազն Մոհամմեդը թույլատրեց համերգների անցկացումը, կինոթատրոններ բացեց, թույլ տվեց վերացնել սեռով պայմանավորված պատնեշները, որոնք ռեստորաններում եւ սրճարաններում կանանցից բաժանում էին միայնակ տղամարդկանց:

Առանցքային բարեփոխումների թվում է պետական դպրոցներում աղջիկներին սպորտով զբաղվել թույլ տալը, իսկ կանանց՝ որպես հանդիսատես մարզադաշտեր հաճախելը:

Որոշումները նավթի գների նվազման եւ երիտասարդների թվի աճի պայմաններում թագավորության տնտեսական փոխակերպման ուղղությամբ արքայազնի ջանքերի մասն են: Սակայն այլ ճակատներում նրա հանդգնությունը շփոթմունքի է մատնել օտարերկրյա ներդրողներին, իսկ նավթից դիվերսիֆիկացվելու նրա ջանքերը բախվել են լուրջ խնդիրների:

Քննադատները բանտում են

Նա միաժամանակ սկսեց ենթադրյալ քննադատների լայնածավալ բռնաճնշումները: Ամբողջ աշխարհում արքայազնին լայնորեն քննադատեցին իր համար աշխատող գործակալների միջոցով սաուդցի այլախոհ եւ «Վաշինգտոն փոստի» մեկնաբան Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով: Արքայազնը պնդում է, որ գործողության մասին չի իմացել: Պատասխանատվության չի ենթարկվել ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա:

Սաուդյան Արաբիաի իշխանությունների տասնյակ քննադատներ բանտում են կամ կանգելու են դատարանի առաջ, այդ թվում՝ իրավապաշտպաններ, որոնք պնդում են, որ իրենց խոշտանգել են, ինչպես նաեւ հոգեւորականներ, գրողներ եւ գիտնականներ:

Խոսում էին այն մասին, որ արքայազն է, հավանաբար, վնասատու ԾԱ ուղարկել, որը կոտրել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հեռախոսը, իսկ ԱՄՆ դատախազությունը պնդում է, որ Սաուդյան Արաբիան հավաքագրել է Twitter-ի երկու աշխատակիցների՝ օգտատերերի անձնական գաղտնի տեղեկություններ հավաքելու համար:

Կատարի հետ հարաբերությունների խզում

Կատարի վրա դիվանագիտական հարձակումը գլխավորել են Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչը սկսվել է 2017 թվականի կեսին: Նրանք Եգիպտոսի եւ Բահրեյնի հետ միասին խզել են կատարի հետ առեւտրային եւ դիվանագիտական հարաբերությունները եւ նրան մեղադրել ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Կատարը մեղադրանքները հերքում է եւ ասում, որ իր դեմ գործողությունները քաղաքական պատճառաբանվածություն ունեն:

Եմենում սպառնալիքների հաղթահարումը

Լինելով պաշտպանության նախարար՝ արքայազնը ղեկավարում է Եմենում բազմամյա պատերազմը: Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածները սպանում են խաղաղ բնակիչների, ինչը ռազմական հանցագործություն է:

Եմենյան հակամարտությունը նույնպես ամբողջ աշխարհի դատապարտմանն է արժանացել եւ մեծաթիվ արեւմտյան օրենսդիր մարմինների մղել որոշումներ ընդունելու թագավորությանը զենքի վաճառքի դադարեցման մասին:

Արքայազնների կալանավորումը

Արքայազնը խախտել է թագավորական կանոնները՝ հարձակվելով թագավորական ընտանիքի ավագ անդամների վրա:

Վերջին օրերին կալանավորվել են թագավորի եղբայր արքայազն Ահմեդ բին Աբդելազիզը եւ զարմիկ արքայազն  Մուհամմեդ բեն Նայֆը: Թագավորական պալատին մոտ մարդիկ ասում են, որ կալանավորումները թագավորական ընտանիքի անդամների համար նախազգուշացում էին:

Արքայազնը 2017 թվականի վերջին կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով կարգադրել էր կալանավորել մի քանի արքայազնների, պաշտոնյաների եւ բարձրաստիճան բիզնեսմենների, ինչը նրան օգնել էր իշխանության կոնսոլիդացման գործում: Շատերը ստիպված էին ազատության դիմաց միլիարդավոր դոլարի իրենց ակտիվներից հրաժարվել: