Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ հրամանատար, ծովային հետեւակային գեներալ Ֆրենկ Մաքենզին վստահ չէ, որ «Թալիբանը» կկատարի իր պարտավորությունները համաձայն այն պլանի, որ փետրվարի վերջին ստորագրվել էր, հայտնում է AP-ը։
Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցով հանձնաժողովում՝ նա հայտնել է, որ Աֆղանստանում ամերիկյան զինվորականների թիվը մինչեւ ամառ պլանավորվում է հասցնել 8600-ի, ընդ որում՝ ԱՄՆ-ը դեռեւս 14 ամսվա ընթացքում զորքին ամբողջովին դուրս բերելու «պլան չի մշակել», ինչպես նախատեսված է համաձայնագրում։
Մաքենզին ասել է, թե խորհուրդ է տալիս զորքերն ամբողջությամբ չհանել, որովհետեւ հարձակումները կարող են շարունակվել եւ աֆղանական ուժերը հնարավոր է չկարողանան պաշտպանել երկիրն առանց ԱՄՆ-ի ուղիղ աջակցության։
Այն հարցին, թե ունի արդյոք ԱՄՆ-ը ապացույց, որ թալիբները խզել են կապերը «Ալ Քաիդա»-ի հետ, Մաքենզին պատասխանել է, թե ակնհայտ է, որ թալիբները ակտիվորեն պայքարում են Աֆղանստանում ԻՊ-ի ստորաբաժանման դեմ, սակայն հավելել է, թե «Ալ Քաիդա»-ի հարցում այդքան էլ լավատես չէ։ նա ասել է, որ ԱՄՆ-ը բավական ժամանակ ունի համոզվելու համար «իսկապե՞ս նրանք դա անում են»։





























