Ուկրաինայի կառավարությունը հաստատել է միջոցառումները, որոնք անհրաժեշտ է ընդունել Ուկրաինայում կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի սպառնալիքի պատճառով եւ դրա տարածում թույլ չտալու համար: Որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: 

Երկրի կառավարությունը նաեւ որոշել է 100 մլն գրիվնա հատկացնել նախարարությունների, գերատեսչությունների եւ ծառայությունների ընթացիկ կարիքների համար անհատական պաշտպանության միջոցների առաջնահերթ գնման, ինչպես նաեւ պետական պահուստների համալրման համար: Դրանից բացի, մինչեւ հունիսի 1-ը արգելվելու է հակահամաճարակային նշանակության ապրանքների արտահանումը, որ երաշխավորվի բնակչությանը պաշտպանական անհրաժեշտ միջոցներով ապահովումը:

Ուկրաինայի կառավարությունը նաեւ առաջարկել է զանգվածային այն միջոցառումների անցկացման սահմանափակումներ մտցնել, որոնց նախատեսված է 200 եւ ավելի մարդու մասնակցություն: Սա չի վերաբերում պետական անհրաժեշտության միջոցառումներին: Ընդ որում՝ սպորտային միջոցառումները հնարավոր է անցկացնել միջազգային կազմակերպությունների թույլտվությամբ, բայց առանց հանդիսատեսի:

Նախատեսված է նաեւ 3 շաբաթ ժամկետով կարանտինի սահմանում ուսումնական հաստատություններում:

Դրանից բացի, որոշում է ընդունվել ինֆրակարմիր սարքավորում գնելու մասին՝ «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում հեռավորության վրա ջերմության սքրինինգ կատարելու համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Հանրային առողջության կենտրոնը կորոնավիրուսի ախտորոշման 36 թեստ է անցկացրել, որոնցից միայն մեկն է դրական արդյունք ունեցել: ԱՀԿ հանձնարարականների համաձայն՝ Ուկրաինան հաստատված նմուշն ուղարկել է Լոնդոնի լաբորատորիա հաստատելու համար:

Հայտնի է նաեւ, որ մարտի 11-ին Չեռնովիցի է գալու ԱՀԿ բժիշկ, որը զննելու է կորոնավիրուսով վարակված ուկրաինացուն եւ որոշելու է՝ նրան արդյոք ճիշտ են բուժում:

Այսօր ավելի վաղ Կիեւում ներկայացվել է հակահամաճարակային միջոցառումների եւ սահմանափակումների ծրագիր, որը նախնական գործելու է մարտի 12-ից մինչեւ մարտի վերջ:

Ժամանակավորապես սահմանափակվել է կրթական գործընթացը: Սահմանափակվել է նաեւ մայրաքաղաքում զանգվածային միջոցառումների անցկացումը: Սա վերաբերում է նաեւ համերգներին, համաժողովներին, այլ միջոցառումներին: Կինոթատրոնները սեանսները չեղյալ են հայտարարում: Փակ կլինեն ե՛ւ զվարճանքի կենտրոնները, ե՛ւ շոփինգ-մոլերի զվարճանքի գոտիները: Առեւտրի կենտրոններում սահմանվելու է ուժեղացված հսկողություն, այնտեղ հերթապահելու են սանիտարական ծառայության բժիշկներ: