Ուրբաթ՝ մարտի 13-ից, Միացյալ Նահանգները 30 օրով արգելք է սահմանում երկիր օտարերկրացիների մուտքի վրա, որոնք ժամանում են եվրոպական պետություններից, բացառություն կկատարվի միայն Մեծ Բրիտանիայի համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ չորեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով համաքաղաքացիներին ուղղված տեսաուղերձով՝ կապված երկրում եւ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր երկիր նոր հիվանդացածների հայտնվելը կանխելու համար մենք 30 օրով դադարեցնում ենք Եվրոպայից ԱՄՆ բոլոր ուղեւորությունները: Նոր կանոնները ուժի մեջ են մտնում ուրբաթ երեկոյան, կեսգիշերից,- ասել է Թրամփը: - Այս արգելքները գործելու են ոչ միայն առեւտրի ու բեռների անհավանական ծավալների, այլ նաեւ այլ տարբեր իրերի համար»:
«Բացառություններ կարվեն միայն ամերիկացիների համար, որոնք համապատասխան ստուգում են անցնում: Սահմանափակումները չեն տարածվի նաեւ Մեծ Բրիտանիայի վրա»,- պարզաբանել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը:
ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ ամերիկյան վարչակազմը ավելի վաղ, քան նախատեսվում էր, կքննարկի երկիր մուտքի սահմանափակումները Չինաստանից եւ Հարավային Կորեայից եկող անձանց համար. կախված այն հանգամանքից, թե իրավիճակն այնտեղ որքանով կբարելավվի, մենք կկատարենք սահմանափակումների վերագնահատում, որոնք ներկայումս գործում են [նրանց նկատմամբ]»,- ասել է նա:
Եվրամիության անբավարար միջոցները
Թրամփը ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի տարածման մասշտաբների մեծացումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Եվրամիությունը չի ընդունել ուղեւորությունների սահմանափակման անհրաժեշտ միջոցներ:
«Բռնկման ամենասկզբում մենք Չինաստանից մուտքի ծավալուն սահմանափակումներ մտցրինք եւ դաշնային մակարդակով 50 տարում առաջին անգամ կարանտին սահմանեցինք: Մենք առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարեցինք եւ հաստատեցինք այլ երկրների ուղեւորություններից զգուշանալու ամենաբարձր մակարդակ, որտեղ տարածվել է սարսափելի ինֆեկցիան»,- ասել է նա:
«Այս վաղ եւ անչափ լուրջ միջոցների ընդունումից հետո Միացյալ Նահանգներում վիրուսով վարակվելու զգալիորեն քիչ դեպքեր եղան, քան հիմա կա Եվրոպայում»,- նշել է Թրամփը: «Եվրոպական միությունը չընդունեց նախազգուշական այդպիսի միջոցներ եւ չսահմանափակեց Չինաստանից եւ տարածման այլ վայրերից մուտքը: Արդյունքում Եվրոպայից ժամանողները ԱՄՆ-ում ստեղծեցին նոր օջախների մեծ թիվ»,- վստահ է Սպիտակ տան ղեկավարը:
Տնտեսական միջոցներ
Թրամփը նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների տարածքում կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը ֆինանսական ճգնաժամ չէ, սակայն ամերիկյան իշխանությունները կընդունեն անհրաժեշտ տնտեսական միջոցներ:
«Սա ֆինանսական ճգնաժամ չէ: Սա պարզապես կարճատեւ ժամանակահատված է, որը մենք միասին կհաղթահարենք որպես երկիր եւ որպես աշխարհ: Սակայն ամերիկացի աշխատավորներին, ընտանիքներին եւ ձեռնարկություններին լրացուցիչ աջակցություն տրամադրելու համար այսօր երեկոյան ես կհայտարարեմ լրացուցիչ [տնտեսական] միջոցների մասին»,- նշել է ամերիկացի առաջնորդը: Նա, մասնավորաբար, կարգադրել է ԱՄՆ-ում հիվանդության բռնկման պատճառով տուժած ընկերություններին ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու մասին:
«Սա արդի պատմության մեջ օտարածին վիրուսին դիմակայելու ամենվճռական եւ համընդգրկուն միջոցառումներն են,- հավելել է նախագահը: - Ես համոզված եմ, որ շարունակելով ընդունել այս խիստ միջոցառումները, մենք զգալիորեն կնվազեցնենք մեր քաղաքացիների համար սպառնալիքը եւ վերջնարդյունքում մոտ ժամանակում այս վիրուսին կհաղթենք»:





























