Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Գայանայում, վարակվածը մահացել է: Այս մասին նշվում է չորեքշաբթի օրը երկրի նախագահ Դեյվիդ Գրեյնջերի կողմից տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գայանան հաստատում է Ջորջթաունում COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հիվանդը 52-ամյա կին էր Գայանայից, ով մարտի 5-ին վերադարձել էր Միացյալ նահանգներից: Նա մահացել է Ջորջթաունի պետական հիվանդանոցում մարտի 11-ին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ երկրի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում բնակչության շրջանում վիրուսի տարածումը կանխելու համար:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում  (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: ԱՀԿ-ն բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել եւ տվել դրան  COVID-19 պաշտոնական անունը: