Միջկառավարական նիստի ժամանակ Հայաստանին առաջարկել ենք վերելակային սարքավորման արտադրության ձեռնարկություն ստեղծել: Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց հայ-բելառուսական միջկառավարական նիստի համանախագահ, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան:
Նրա խոսքով՝ այդ առաջարկն արվել է հաշվի առնելով այն, որ Հայաստանը լուրջ ուշադրություն է հատկացնում ենթակառուցվածքային ծրագրերին, այդ թվում ուղեւորատրանսպորտային ծառայություններին: «Նիստի ժամանակ բելառուսական կողմն առաջարկել է քննարկել գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման հնարավորությունը այնպիսի ֆինանսական մեխանիզմի կիրառմամբ, ինչպիսին լիզինգն է: Բացի այդ, քննարկվել է Հայաստանից բելառուսական շուկա որակյալ սննդամթերքի մատակարարման հարցը»,- նշեց նա:
Նախարարը հավելեց, որ երկու կողմերը մտադիր են առեւտրաշրջանառությունը հասցնել մինչեւ 100 մլն դոլար:
Նշենք, որ մարտի 12-ին Երեւանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:





























