Վերելակային սարքավորման արտադրության ձեռնարկության ստեղծումը հայ-բելառուսական համագործակցության հնարավոր ուղղություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ վերելակների արտադրությունը եւ շահագործումը մեծապես կապված են բազմաբնակարան տներում վերելակների փոխարինման եւ արդիականացման ծրագրի հետ, որն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանը: «Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել են հարեւան երկրներ արտահանման (եւ ոչ միայն վերելակային սարքավորումների) հնարավորությունները: Մենք մեր բելառուսցի գործընկերներին առաջարկել ենք ներկայացնել իրենց գաղափարները, եւ անհրաժեշտ քննարկումներից հետո գնահատական կտրվի, թե որքան եւ ինչ ձեւաչափով է հնարավոր նման նախաձեռնության իրականացումը: Ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ առաջարկներ կլինեն»,- նշեց նախարարը:





























