Կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է նավթի գների` մինչեւ 25 դոլար անկում կանխատեսել, ինչը, սակայն, մշտական բնույթ չի կրի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
Նրա խոսքով` տարվա կեսից, մասնավորապես, ամռանից, երբ զբոսաշրջության եւ տրանսպորտային ծառայությունների ակտիվացման հետ կապված նավթամթերքների պահանջարկը մեծանում է, իրավիճակը որոշ չափով կայունանում է:
«Սակայն մարտ-ապրիլ ամիսներին գների անկման հետեւանքները մինչեւ 2020 թվականի վերջ բացասական ազդեցություն կունենան ամբողջ շուկայի վրա»,- ասաց նա:
Դավթյանի գնահատականներով` նավթի գների միջին տարեկան ցուցանիշը, հաշվի առնելով փոքր աճն ամռանը, կտատանվի 40-ից 50 դոլարի սահմաններում, սակայն հնարավոր է, որ ամռանից հետո «սեւ ոսկու» գները կրկին անկում գրանցեն:
«25 դոլարը կլինի այն կրիտիկական հոգեբանական կետը, որից հետո կարող ենք խոսել գլոբալ անկման մասին: Առաջին հերթին, հարվածի տակ կհայտնվեն նավթ եւ նավթամթերք արտադրող եւ արտահանող երկրները»,- եզրափակեց նա:





























