Կորոնավիրուսի գլոբալ պանդեմիան կարող է ավարտվել հունիսին, եթե երկրները մոբիլիզացնեն ուժերը վիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենը, հաղորդում է Reuters-ը:

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի մոտ երկու երրորդը գրանցվել է Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել էր անցած տարվա դեկտեմբերին: Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Չինաստանի սահմաններից դուրս: Չինաստանի իշխանությունները պնդում են, որ խիստ միջոցառումներ են ձեռնարկել, այդ թվում փակել են Հուբեյը, կանխել այլ քաղաքներում բռնկումը: Նրանք հայտարարել են, որ այլ երկրները պետք է իրենց ջանքերից դաս քաղեն:

«Չինաստանում համաճարակի գագաթնակետը անցյալում է»,- ասել է Մի Ֆենը:

Չինաստանի կառավարության ավագ բժշկական խորհրդական Չժուն Նանշանը հայտարարել է, որ երկիրը լուրջ է վերաբերվում բռնկմանն ու պատրաստ է կոշտ միջոցներ կիրառել, որպեսզի այն ամբողջ աշխարհում հաղթահարվի հաշված ամիսների ընթացքում:

83-ամյա համաճարակաբան Չժուն Նանշանը, որը հայտնի է նրանով, որ 2003 թվականին օգնել է պայքարել ատիպիկ թոքաբորբի դեմ, ասել է, որ վիրուսները սովորաբար քիչ ակտիվ են դառնում տաք ամիսներին, ինչը կարող է օգնել դանդաղեցնել վիրուսի տարածումը: «Իմ գնահատականը հիմնված է սցենարների վրա, որոնց համաձայն՝ բոլոր երկրները դրական միջոցներ են կիրառում»,- ասել է նա: