Առողջապահական համակարգը մեզնից նեղանալու պատճառ չունի, մենք քաջալերել ենք իրենց։ Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, որ «համքարության» գործում ամենամեծ դերակատարումն այսօր բուժաշխատողներինն է։
«2018 թվականի մայիսից հետո եւ 2019 թվականը առողջապահական համակարգի համար բացառիկ հաջող տարի է եղել։ Հազարից ավելի աշխատողի աշխատավարձ է բարձրացել, 15 հազար բուժաշխատողի աշխատավարձ արդեն իսկ բարձրացել է։ Առողջապահական համակարգը մեզնից նեղանալու պատճառ չունի, մենք քաջալերել ենք իրենց։ Ինչ կկարողանանք ավելի հատուցել, իհարկե դա էլ Կառավարության եւ հանրության պատիվն է»,- ասաց վարչապետը։
Բագրատյանը դիտարկում արեց, որ պետք է խարխուսել միջին եւ փոքր բիզնեսին այս ընթացքում. «Բանկերի առումով էլ կարծում եմ՝ սուբյեկտիվություն կա, միգուցե խոշոր գործարարները կարող են սպասարկել իրենց վարկերը, պատկերացնենք միջին տնտեսվարողը կարողացել է հյուրանոց կառուցել՝ վարկային ռեսուրսի շնորհիվ եւ հույս ունի, որ կունենա հնարավոր հաճախորդներ, որպեսզի սպասարկի վարկը։ Մարդիկ վարկ են վերցրել, տրանսպորտային միջոց են գնել, որ լոգիստիկայով զբաղվելով կարողանան շահույթի միջոցով վարկերը սպասարկել. չեն կարողանալու սպասարկել։ Վարկային համաներում ասելով նկատի ունենք, որ ովքեր կարող են՝ թող վճարեն։ ուշադրությանը հրավիրեց»։
Վարչապետն ասաց, որ հունվար ամսից միկրոբիզնեսն ազատվել է հարկերից, որով նրանց «բեռն» էականորեն թեթեւացել է. «Եթե գործ ունենք, որ գյուղատնտեսական վարկ է վերցրել եւ տարել է այլ նպատակի համար. բանկի ու հաճախորդի պայամանավորվածության մեջ շեղում կա, այստեղ մենք կունենանք խնդիրներ։ Եթե որեւէ մարդ ունի լավ ռեպուտացիա կամ որեւէ բիզնես, ես չեմ կարծում, որ որեւէ լավ ռեպուտացիայով բիզնես կարող է որեւէ բանկի հետ պրոբլեմ ունենալ։ Այս ճգնաժամը մեզնից յուրաքանչյուրին պետք է ստիպի առանձնահատուկ ուշադրություն դարձնել մեր ռեպուտացիային։ Սա հնարավորություն է, որ լավ ռեպուտացիայով մարդիկ շահած դուրս գան, իսկ վատ ռեպուտացիայով մարդիկ կտուժեն»։
Բագրատյանի դիտարկմանը՝ եթե հանրային սննդի կետերը փակվեն, ապա առաքման հնարավորությունը պետք է թողնվի, որ քաղաքացիները օգտվեն առաքման ծառայություններից, Փաշինյանը կիսեց այդ դիտարկումը.
«Սա առիթ է, որ օնլայն առեւտուրը առարքման ծառայությունները զարգացնենք, հյուրանոցի պարագայում 100 տոկոս վստահ եմ, որ վերակառուցում տեղի կունենա, որովհետեւ բանկը եւ բիզնեսը պայմանավորվել են»։




























