Հայաստանում այսուհետ ստուգումների կենթարկվեն այն ընկերությունները, որտեղ նկատելի կլինեն ռիսկեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 23-ին հայտարարեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ներկայացնելով հարկային եւ մաքսային համակարգերի 2011-2013 թվականների բարեփոխումների ծրագիրը, որը հաստատվել է ԱԱԽ երեկ տեղի ունեցած նիստում:
Ծրագիրը, ըստ Բաղդասարյանի, մշակվել է Եվրոպական միության լավագույն փորձի հիման վրա, որում ներգրավվել են նաեւ ԵՄ խորրդատվական խմբի ներկայացուցիչները: Այս ծրագրի հաստատումը, ԱԱԽ քարտուղարի համոզմամբ, Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն մի քանի ուղղություններով: Առաջին`հարկային եւ մաքսային օրենսդրության համապատասխանեցում եվրոպական չափանիշներին, երկորդ` ռիսկերի կառավարման համակարգի ներդրում: Սա նշանակում է, որ ստուգումները Հայաստանում իրականացվելու են ոչ թե տարերային եղանակով, ինչպես մինչեւ այժմ է տեղի ունեցել, այլ ըստ ռիսկայնության`կստուգվեն այն ընկերությունները, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով նկատելի կլինեն ռիսկեր: Բաղդասարյանի հավաստմամբ` ներդրվելու է նաեւ էլեկտրոնային հայտարարագրման եւ վճարման միասնական համակարգ: Բաղդասարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման դեպքում էականորեն կրճատվելու է թղթարարությունը եւ պետություն-տնտեսավարող սուբյեկտ շփումները հասցվելու են նվազագույնի:
Բացի այդ, մաքսային համակարգում նորարարություն է սպասվում` ապրանքներրի մաքսազերծման համար հստակ ժամկետներ են սահմանվելու, կարգ, որն այսօր գոյություն չունի: Կիրառվելու են նաեւ հակակոռուպցիոն միջոցառումներ, աշխատանքներ են իրականացվելու հարկային եւ մաքսային ոլորտի աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ:




























