ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օլբանի քաղաքում 69 տարեկանում վախճանվել է Ալբերտ Էյնշտեյնի թոռնուհին: CNN-ի հաղորդմամբ` Էվելին Էյնշտեյնը, ով գիտնականի երկրորդ որդու հոգեդուստրն էր, մահացել է ծայր աղքատության մեջ:
Նշվում է, որ նրա պապը լավագույն հարաբերությունները չուներ Էվելինի ընտանիքի հետ: Ա. Էյնշտենի ժառանգությունը, այդ թվում` անվան օգտագործման իրավունքը, Էյնշտեյնը վստահել էր Երուսաղեմի Հրեական համալսարանին:
Այդպիսով հարազատները զրկվել էին նրա աշխատանքի հրատարակություններից եկամուտ ստանալու հնարավորությունից:
Էյնշտեյնի ժառանգներից թերեւս ամենաշատը Էվելինի բախտը չի բերել: Թեեւ նա միջնադարյան գրականության մագիստրոսի աստիճան է ստացել Բերկլիի հեղինակավոր համալսարանում, տիրապետել է հինգ լեզվի, սակայն նրա կարիերան չի ստացվել: Նա փոխել է մի շարք մասնագիտություններ` շներ որսացողից մինչեւ ոստիկանության սպա:
Էվելինն աղքատության էր հասել ամուսնու` անթրոպոլոգիայի էքսցենտրիկ պրոֆեսոր Գրովեր Կրանցի հետ ամուսնալուծվելուց հետո:




























