Ամբողջ հարցը ռեսուրսների առկայությունն է եւ այն՝ ունենք արդյոք ռեսուրսներ այն բանի համար, որ հոսպիտալացնենք մի քանի հազար մարդու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին հայտարարություններից մեկը:

Նրա խոսքով՝ եթե այդպիսի պահ առաջանա, անհրաժեշտ կլինի հասկանալ՝ ինչպես գործել եւ ինչպես իրականացնել հիվանդների տեղաբաշխումը: «Մեր բոլոր նախազգուշացումներն այն մասին, որ պետք է փակել օդային սահմանը, որ երկիր մուտք գործել պետք է թույլ տալ միայն Հայաստանի քաղաքացիներին, ապահովել նրանց մեկուսացումը, հատկապես եթե նրանք ժամանել են, ասենք, խնդրահարույց երկրներից, որտեղ վիրուսն արդեն տարածված է, այս ամենն ուղղված էր միայն նրան, որ առավելագույնս դանդաղեցվի դրա տարածումը, ինչպես դա, օրինակ, հաջողվեց անել Ճապոնիայում»,- նշեց Գորգիսյանը:

Ընդ որում՝ նա հույս հայտնեց, որ բանը չի հասնի մինչեւ այն, որ ստիպված լինեն որոշում ընդունել այն կապակցությամբ, թե վարակված քաղաքացիներից ում ստիպված կլինեն բուժել, իսկ ում՝ ոչ, ինչպես դա հիմա արվում է Իտալիայում հիվանդանոցներում տեղերի, ինչպես նաեւ թոքերի արհեստական օդափոխման սարքերի պակասի պատճառով: «Մենք ամեն դեպքում պետք է զգոն լինենք, եւ քաղաքացիներն էլ պետք է հետեւեն Կառավարության եւ առողջապահության նախարարության կոչերին՝ մարդկանց հետ հնարավորինս քիչ շփվել, հնարավորության սահմաններում մնալ տանը եւ դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտությանն դեպքում»,- ասաց պատգամավորը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է արդեն 122 մարդ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում հնարավոր էր համարել, որ վարակվածների թվի կտրուկ մեծացման դեպքում չեն հոսպիտալացնելու նրանց, որոնց մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում: