Հայաստանի Զինված ուժերի բժշկական ծառայությունը սահմանել է աշխատանքի ուժեղացված ռեժիմ: Այդ մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Նա, մասնավորապեսմ նշել է, որ զորամասերում արդեն արգելված են բոլոր տեսակի արձակուրդները զինծառայողների, ժամկետային ծառայություն անցնողների համար՝ հավելելով, որ թույլատրվում է միայն օրենքով սահմանված արձակուրդը՝ հարազատի կամ բարեկամի հուղարկավորության կամ հարսանիքին մասնակցելու համար:
«Սակայն այստեղ եւս սահմանվել է խստացում: Եթե նախկինում զինծառայողը նաեւ ներկա է գտնվել հարսանիքին կամ հուղարկավությանը, օրինակ, տատիկի կամ պապիկի, զարմիկի, ապա այժմ թույլատրվում է միայն ներկա գտնվել հարազատների՝ հոր կամ մոր, եղբոր, քրոջ հարսանիքին կամ հուղարկավորությանը»,-պարզաբանել է Օհանյանը:
Միեւնույն ժամանակ, գնդապետի խոսքով, ներկայում Հայաստանի Զինված ուժերում չի գրանցվել կորոնավիրուսային հիվանդության որեւէ դեպք:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն, որը գործում է ամբողջ երկրի տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը՝ 18:00-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը՝ 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին:
Մարտի 20-ի առավոտյան 10:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է ընդհանուր առմամբ նոր կորոնավիրուսով վարակման 136 դեպք:





























