Մենք հետեւյալ տրամաբանությամբ ենք շարժվել, որ մեր քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների մուտքը Հայաստան չենք սահմանափակելու, բայց եթե օրինակ, մեր քաղաքացիները ժամանեն մի երկրից, որտեղ վիրուսի տարածման դեպքերը շատ են եւ այդ առումով անապահով երկիր է համարվում, հնարավոր է պարետի որոշում, որ այդ երկրներից ժամանածները մեկուսացվեն կամ ինքնամեկուսացվեն։ Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նրա խոսքով, այ դեպքում սահմանված կանոնները խախտելու դեպքում կարող է մեր քաղաքացիների համար առաջանալ վարչական պատասխանատվություն։ «Այլ պայմաններում, առանց այս փաթեթի ընդունման հնարավոր չի լինի ապահովել այդ պահանջը։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, կառավարությունը հաշվի առնելով, որ որոշ անհստակություններ կան, որոշակի փոփոխություններ է արել եւ դրանց համաձայն նաեւ պաշտոնական տեղեկատվությունը միջազգային կազմակերպությունների կողմից եւս համարվելու է պաշտոնական եւ կարող են անձինք հղում կատարելու միջոցով այդ տեղեկատվությունը դարձնել հասանելի»։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։