Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքի պահանջներն  ու չի պատասխանում NEWS.am-ի հարցերին: Դեռեւս ապրիլի 1-ին ՀՖՖ մամուլի խոսնակին NEWS.am-ը  հարցեր էր ուղարկել մարտի 26-ին կայացած`«Եվրո-2012»-ի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան հանդիպման վերաբերյալ: Ըստ այդմ` Երկրպագուների համառուսաստանյան միավորումը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին` խնդրելով հետաքննել Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդած միջադեպերը, որոնց հետեւանքով մոտ 100 ռուսաստանցի ֆուտբոլասերներ տոմսերով չեն կարողացել մտնել ստադիոն:

Կազմակերպությունն այդ միջադեպերի, նաեւ խաղից առաջ գրանցված մարդկային կուտակումների մեղավոր էր համարել հանդիպման կազմակերպիչներին` պահանջելով  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պարզաբանել բացթողումները եւ քննարկել պաշտոնական ներողության ու տուժած երկրպագուներին փոխհատուցելու հնարավորությունը: ՀՖՖ-ն չի պատասխանել հարցին, թե արդյոք ստացե՞լ է որեւէ նամակ Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից եւ ընդունո՞ւմ է դրանում ներկայացվող մեղադրանքները:

NEWS.am-ի մյուս հարցը վերաբերում էր «չեմպիոնատ.ռու» կայքի տեղեկությանը, ըստ որի` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չեն պարգեւատրվել` «Եվրո-2012»-ի շրջանակում Հայաստան-Ռուսաստան հանդիպման ժամանակ դրական արդյունք ցուցաբերելու համար: Մինչդեռ, նախորդ ընտրական հանդիպումների ժամանակ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ուժեղ մրցակիցների հետ խաղում «ոչ-ոքի» խաղալու դեպքում  որոշակի բունուսներ են ստացել: ՀՖՖ-ն այդպես էլ չի պատասխանել, թե  հայ ֆուտբոլիստները  պարգեւատրվե՞լ են  «Եվրո-2012»-ի շրջանակում Հայաստան-Ռուսաստան հանդիպման ժամանակ ցուցադրած խաղի համար եւ որքա՞ն է կազմել պարգեւատրման չափը:   

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՖՖ մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը դժվարությամբ հիշեց ուղարկված հարցերի մասին։ 

Իսկ հիշելուց հետո  հարցերի պատասխաններն ուշացնելը պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Ֆեդերացիայի նախագահը հիվանդ է, մարդ չի ընդունում, դրա համար էլ հարցերը չեմ փոխանցել իրեն: Դրանք էն հարցերն են, որ  անձամբ ինքը պետք է պատասխանի»: Իսրայելյանը խոստացավ առաջիկա երկու օրվա ընթացքում պատասխանել, սակայն նրա խոստումից մեկ շաբաթ է անցել:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ NEWS.am-ի հարցերը արհամարհվում են ՀՖՖ-ի  կողմից: Իսկ անձամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին զանգահարելն ու նրանից հարցերի պատասխաններն ստանալն անիմաստ գործ համարեցինք: Նա, ինչպես հայտնի է, իրեն զանգահարող լրագրողներին պատասխանում է «քաղցր» խոսքերով եւ հորդորում է հարցերն ուղղել իր մամուլի խոսնակին: Թե ինչպես է աշխատում նրա մամուլի խոսնակն, արդեն ներկայացվեց: