Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանձնարարությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը, որն ուսումնասիրում է  Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչների էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերի խնդիրը, արդեն աշխատում է: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նրա խոսքով` հանձնաժողովը դեռ գյուղ չի այցելել, առայժմ ուսումնասիրում է խնդիրը: Մամուլի քարտուղարի խոսքով`մինչեւ խնդիրը չուսումնասիրվի, գյուղացիների տան լույսերը չեն անջատվի:

Նշենք, որ ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, հանձնաժողովում ընդգրկված են էլցանցերի, նախարարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ եւ այլք:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչները նախազգուշացման թերթիկներ են ստացել, որում նշված է, որ էլեկտրաէներգիայի պարտքեր ունեն եւ եթե չվճարեն, կվերցնեն իրենց գույքը: Ամբողջ Գայ գյուղի վրա գրվել է մոտ 45 մլն դրամի էլեկտրաէներգիայի պարտք: «Ժառանգություն»  պատգամավոր Անահիտ Բախշյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գյուղացիները ունեն կտրոններ, որոնք վկայում են, որ իրենք ժամանակին վճարել են սպառած էլէներգիայի համար: