Իշխանությունը համակարգային պատկերացում չունի, թե որտեղ է գտնվում եւ ուր է ուզում հասնել: Քաղտեխնոլոգ  Վիգեն Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց  իշխանությունների կառավարման հմտությունները ճգնաժամային իրադրությունում:

«Փորձում են ինչ-որ բան անել, կարելի է ասել փորձելով են առաջ շարժվել: Եվ այն պրակտիկան, որ հրաժարվում էին իրական պրոֆեսիոնալներից, հիմա էլ շարունակվում է: Սակայն այսօր իրավիճակն է ընդդիմադիր այսօրվա քաղաքական կուրսին»,-ասաց նա:

Վիգեն Հակոբյանի կարծիքով` երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, կարանտինային վիճակ, սակայն չի հսկվում, որ խստորեն պահպանվեն կանոնները:

«Կամ  մարդկանց տանն եք պահում, կամ չեք պահում, այսինքն այս հիբրիդային կիսահղի վիճակը անհասկանալի է: Ամեն ինչը հախուռն է, համակարգային մեխանիզմներ չկան եւ այս մասին է վկայում տարբեր պաշտոնյաների իրարամերժ հայտարարությունները: Վարչապետը մի բան կարող է ասել, պարետը մեկ այլ բան, իսկ առողջապահության նախարարը ընդամենը մեկ ամսի առաջ մեկ այլ ծայրահեղության մեջ էր, հիմա լրիվ հակառակ, ու ես չգիտեմ` ինքը երբ էր ավելի ակդեկվատ»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով` դեռ պարզ չէ, թե այս ամենից հետո իշխանության  վարկանիշը կիջնի, թե կբարձրանա. դա կախված է իրավիճակից հետո առաջացած կորուստներով:

«Դա կապված է մեր կորուստների հետ, մի բան պարզ է, որ մենք կորուստներով ենք դուրս գալու, սակայն թե դրանք կլինեն անդառնալի կորուստներ, թե վերականգնվող: Ամենագլխավոր ճգնաժամը մենք դեռ չենք զգացել: Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ասում էր, որ մեզ տնտեսական աղետ է սպասում եւ կարծում եմ, որ նա ճիշտ էր»,- հավելեց նա: