Եթե արտակարգ դրության ռեժիմը չկարողացավ լուծել խնդիրը, ինչի համար հայտարարվել էր, ապա տրամաբանական կլինի, որ Կառավարությանը տրվի եւս 30 օր ծագած խնդիրները լուծելու համար: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ նիստում արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին Կառավարության որոշումը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, որը հետաքրքրվեց պարետից՝ կարո՞ղ է այնպես լինել, որ ԱԴ ռեժիմի ավարտից հետո կառավարությունը հերթական անգամ հանդես գա այն երկարացնելու նախաձեռնությամբ:
Սակայն Մարուքյանի հարցը կրկնվելուց հետո Ավինյանը, չգիտես ինչու, բացասական պատասխան տվեց՝ դրանով իսկ հակասելով ինքն իրեն եւ իր առաջին հայտարարությանը:
Այդ պահին կառավարության ներկայացուցիչները տեղից Ավինյանին հիշեցրին այն մասին, որ նման գործընթացը միանգամայն հնարավոր է իրականացնել՝ ԱԴ ռեժիմը երկարացնելով անթիվ անգամ եւ առանց որեւէ սահմանափակման:
Այդ ժամանակ պարետն իրեն շտկեց, վերադարձավ նախկին դիրքորոշմանը՝ ըստ էության, կրկնելով Կառավարության իր գործընկերների խոսքը:




























