Հաջորդ չվերթով Չինաստանից Հայաստան նախատեսվում է ռեագենտներ ներմուծել COVID-19-ի ախտորոշման 100 հազար թեստի համար: Այս մասին ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով ՀՀ կառավարության որոշումը երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին, ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ այդ ռեագենտները կփոխանցվեն Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ: «Բացի այդ, նախատեսվում է համապատասխան սարքավորումներ ներմուծել, որոնք թույլ կտան ավտոմատ ռեժիմով իրականացնել ՊՇՌ մեթոդով անցկացվող անալիզները Հայաստանում»,- ասաց Ավինյանը:

Ըստ պարետի` Հայաստանը պետք է ինքնուրույն իրեն թեստերով ապահովի: Ընդ որում, Ավինյանն ընդգծեց, որ այժմ, բացի նշված հումքից, Չինաստանից եւս 60 հազար թեստ է ներկրվել:

«Նախատեսվում է նաեւ 20 հազար թեստ ներկրել Լեհաստանից: Այս ծավալը, իմ կարծիքով, պետք է որ բավարար լինի մոտ ապագայի համար»,- պարզաբանեց փոխվարչապետը:

Ավինյանը նաեւ նշեց, որ իշխանությունները քննարկում են մի շարք գիտական ինստիտուտների աշխատանքի վերսկսումը: Նրանց եւս հումք եւ սարքավորումներ կտրամադրվեն, եթե հանկարծ այդպիսի անհրաժեշտություն առաջանա: