Այժմ Հայաստանում դժվարություններ են ծագել ծանր հիվանդ մարդկանց մոտ, մասնավորապես, այն պացիենտների, որոնք ունեն օնկոլոգիական հիվանդություններ, որոնք քիմիաթերապիայի են գալիս Երեւան մարզերից։ Այս մասին ապրիլի 13-ին Աժ նիստում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու կառավարության որոշումը ներկայացնելու ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին։

Պատգամավորը հիշեցրեց, որ այդ ցուցակի մեջ մտնում են նաեւ երիկամային անբավարարությամբ հիվանդները, որոնք դիալիզի են գալիս։

«Շատերն են դրա համար մարզերից Երեւան գալիս, սակայն մի հոգով տաքսի նստելը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։ Օրինակ, Սիսիանից Երեւան ուղեւորությունը տաքսիով միայն մի կողմի համար 15 000 դրամ արժի»,- հայտարարեց Գրիգորյանը։

Դրան փոխվարչապետը արձագանքեց, որ հարցն իսկապես արդիական է եւ կքննարկվի կառավարությունում։

«Այդ մարդկանց համար պետք է հատուկ մոտեցում մշակվի»,- ընդգծեց պարետը։