Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կթեթեւացվի եւ, դրա հետ կապված, թույլ կտրվի տնտեսական գործունեությունը մի շարք ոլորտներում։ Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ նիստում, ներկայացնելով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշումը, հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Այսպես, նրա խոսքերով, ապրիլի 13-19-ը կառավարության նոր որոշմամբ, հանրապետությունում արդեն թույլատրված է ծխախոտային արտադրությունը, որտեղ աշխատում են 13 սուբյեկտներ եւ մոտ 4000 մարդ։

«Նաեւ թույլատրված է բետոնի, ցեմենտի, գիպսի, եւ գաջի արտադրությունը, բետոնից, ցեմենտից եւ գիպսից շինարարական նյութերի արտադրությունը, ինչպես նաեւ մետաղական կոնստրուկցիաների եւ դրանց մասերի արտադրությունը»,- հայտնեց Ավինյանը։

Նա նշեց, որ նաեւ թույլ կտրվի շենքերի կառուցումը, քաղաքաշինությունը, ճարտարապետական աշխատանքները եւ դրանց հետ կապված տեխնիկական խորհրդակցությունները։

Պարետը նկատեց, որ եթե վարակի տարածման տեմպերը հաջողվի պահպանել ցածր մակարդակի վրա, ապա ապրիլի 20-30-ը որոշ ոլորտներում նույնպես գործունեությունը կարող է թույլ տրվել։