«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ապրիլի 13-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց արտակարգ դրության երկարաձգման մասին կառավարության որոշման մի շարք դրույթների չեղարկման առաջարկություններ։

Մասնավորապես, խմբակցությունը առաջարկեց հանել մետրոպոլիտենի եւ ավտոբուսների գործունեության սահմանափակումները, որպեսզի աշխատող քաղաքացիները աշխատանքի գնալու հնարավորություն ունենան։ Նաեւ առաջարկվեց վերականգնել միջմարզային հաղորդակցությունը։ Ընդ որում, «Լուսավոր Հայաստանը» ընդգծեց սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման անհրաժեշտությունը։

Բացի այդ, նրանք առաջարկեցին թույլ տալ տնտեսական խանութների, ինչպես նաեւ շինանյութերի եւ սպորտային խանութների գործունեությունը։ Առաջարկվեց նաեւ թույլ տալ արհեստավորական գործունեությունը, օրինակ՝ կոշիկի նորոգումը։

«Լուսավոր Հայաստանը» առաջարկեց թույլ տալ ավտոտրանսպորտի սպասարկման կենտրոնների, ինչպես նաեւ պրոթեզավորման եւ ավտոմեքենաների մաքսազերծման կենտրոնների գործունեությունը։

Այս ամենին ի պատասխան՝ պարետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ տրանսպորտում կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց մեծ է։

«Սահմանափակումները հետապնդում են միայն մի նպատակ։ Այո, դրանք բացասաբար են անդրադառնում տնտեսական կյանքի վրա, ծագում են սոցիալական խնդիրներ, սակայն մենք ձգտում ենք դրանք լուծել։ Սակայն, քանի դեռ վարակի տարածման տեմպերը չեն հասել այն մակարդակի, որը թույլ կտա մեզ հաստատել, որ տարածման օջախները մարում են, կարծում եմ, կառավարության որոշումների եւ սահմանափակումների երկարաձգումը պետք է ընդունելի լինի ինչպես այս դահլիճում, այնպես էլ հասարակության մեջ ընդհանրապես»,- հայտարարեց Ավինյանը։

Քվերակության արդյունքներով կուսակցության կողմից արված առաջարկությունները չընդունվեցին։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ հանդես եկան, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները չեզոք դիրք գրավեցին։