Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ կապված օֆշորային մեքենայությունների գործով տուժող, նախկին գործարար Փայլակ Հայրապետյանը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ ԱԱԾ–ն մեղադրանք է առաջադրել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ինքը՝ գործարարը։ Նա նշեց, որ բազմաթիվ բողոքներ է նախկինում հասցեագրել տարբեր իրավապահ մարմինների, այդ թվում ԱԱԾ–ին, սակայն իրեն տեղյակ չեն պահել, որ գործում նոր զարգացումներ կան։

Հայրապետյանի կարծիքով, սակայն, միայն մեղադրանք առաջադրելով իր հարցը չի լուծվի և իրեն պատճառված վնասը չի վերականգնվի։

«Միայն մեղադրանք առաջադրելով հնարավոր չի իմ հարցը լուծել, պետք է հանցավոր խմբի բոլոր անդամների արարքներին իրավական գնահատական տրվի, մեղավոր են թե Աշոտ Սուքիասյանը, թե Տիգրան Սարգսյանը, թե Կճոյանը, մենակ Կճոյանով ի՞նչ դուրս կգա, ինքը մենակ չի էդ փողը ծախսել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորի աղմկահարույց գործով։ Շուրջ 10  տարի է՝ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ Կճոյանը: Սակայն 2014 թվականի հունվար ամսին Վրաստանից հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը որեւէ կապ չունեն այդ գործի հետ, եւ, որ ինքն է կեղծել ստորագրությունները։

Աշոտ Սուքիասյանն այս գործով միակ դատապարտվածն է։

Այս տարվա հունվարին «Օֆշորի» գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը 6 տարի բանտում անցկացնելուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվեց է ազատ արձակվեց: