Հայաստանի կառավարությունը քննարկում է հանրապետության չգազիֆիկացված համայնքների հարցը այնտեղ բնակվող ընտանիքներին եւս աջակցելու համար։ Այդ մասին ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակության պատգամավոր Հրանտ Այվազյանի՝ Կառավարության 12-րդ հակաճգնաժամային միջոցառումն իրականացնելու մասին հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, հայտնել է, որ Հայաստանում 330 համայնք գազիֆիկացված չէ։ Նրա խոսքով՝ այդ ընտանիքներում գազի սպառումը զրոյական է, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը շատ ավելի մեծ է, ինչի արդյունքում բազմաթիվ ընտանիքներ չեն կարող օգտվել կառավարության՝ գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման միջոցառումից։ Խորհրդարանականը հետաքրքրվել է, թե ինչ աջակցություն է ցուցաբերվում այն ընտանիքներին։
Ի պատասխան՝ Գրիգորյանը հայտարարել է, որ եթե ընտանիքը գազ չի սպառում, ապա դա դեռ չի նշանակում, որ նա չունի հնարավորություն եւ իրավունք օգտվելու պետության կողմից փոխհատուցվող էլեկտրաէներգիայի միջոցառումից։
Նրա խոսքով՝ կառավարությունը քննարկում է չգազիֆիկացված համայնքների խնդիրը՝ հաշվի առնելով իրական տվյալների բազաները։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ հաստատել է 12 ծրագիր կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու համար։ Դրանցից վեցը վերաբերում են բիզնեսին տնտեսական աջակցություն ցուցաբերելուն (գյուղատնտեսություն, զբոսաշրջնություն, փոքր եւ միջին բիզնես, միկրոբիզնես եւ այլ ոլորտներ), մյուս վեցը՝ բնակչության տարբեր խմբերին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն։





























