Վերջին 2 շաբաթների ընթացքում տեղեկանալով, որ պարբերաբար կազմակերպվելու են Չինաստանից բժշկական գույք ու սարքավորումներ բերող, մենք միացանք մեր ՊՆ-ի եւ ՄԱԿ-ի Պարենի միջազգային ծրագրին եւ միասին փորձեցինք գոյացնել այն ֆինանսավորումը, որը հնարավոր կդարձներ երկու թռիչքները Չինաստանից: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Մեր սփյուռքյան կազմակերպությունները սիրահոժար մասնակցել են այդ գործընթացին, մեր խնդիրն էր պարզաբանել, թե ինչի կարիք ունենք: Արդյունքում կարողացանք գոյացնել կես մլն դոլար հաստատված եւ 50 հազար դոլար հաստատման փուլում հետեւյալ կազմակերպություններից. Էդուարդո Էռնեկյանի ընկերություններից (Արմենիա միջազգային օդանավակայաններ, Կոնվերսբանկ, Կարաս գինիներ), Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից,«Սուրբ Սարգիս» մարդասիրական հիմնադրամից, ՀԲԸՄ-ից, նաեւ «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից: Մենք փակեցինք ծախսերի մոտ կեսը, իսկ մնացած մասը «Իմ քայլը» հիմնադրամից եւ նաեւ պետական ռեսուրսներից»,-ասաց Սինանյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի «Քայլ դեպի տուն» եւ Պատանի առաջնորդների ճամբարի ծրագրերը իրականացնելը քիչ հավանական է թվում. «Ունեինք նաեւ երեք խոշոր համաժողովներ, որոնք պետք է կազմակերպվեին սեպտեմբերին, որի կազմակերպչական աշխատանքները սկսվել էին: Բայց այս պահին քանի որ օդային կապը Հայաստանի հետ ընդհատվել է եւ չգիտենք, թե երբ կվերականգնվի, այս ամենը փորձելու ենք անել առցանց»,-ասաց նա՝ հավելելով, որ չի կարելի թույլ տալ, որ կապը Սփյուռքի հետ ընդհատվի:





























