ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիճաբանության մեջ է մտել Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հետ կորոնավիրուսի շուրջ նահանգի արձագանքի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կուոմոն բազմիցս քննադատել է Թրամփին, որ դաշնային իշխանությունները բավարար չափով չեն օգնել նահանգին, որը բոլորից շատ է տուժել համաճարակի պատճառով: Նյու Յորքում հաստատված է հիվանդության արդեն 220 հազար դեպք, մահացել է ավելի քան 12 հազար պացիենտ: Ուրբաթ Կուոմոն հայտարարել էր, որ Թրամփը բազմիցս մերժել է նահանգներին կորոնավիրուսի թեստավորման հարցում՝ համարելով դա «չափազանց դժվար»: Նա նաեւ քննադատել է Թրամփի ծրագիրը կարանտինից հետո տնտեսությունն ակտիվացնելու ուղղությամբ, որտեղ պատասխանատվությունը վերագրվում է նահանգապետերի վրա: «Ես կարիք չունեմ, որ նախագահն ասի ինձ, որ ես նահանգապետ եմ»,-ասել է Կուոմոն:

Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ Կուոմոն չափազանց շատ է բողոքում:

«Նահանգապետ Կուոմոն պետք է անցկացնի ավելի շատ ժամանակ գործ անելու, ոչ թե բողոքելու համար: Գնա եւ կատարիր այդ աշխատանքը: Բավ է խոսել: Մենք քեզ համար ստեղծել ենք հազարավոր հիվանդանոցային մահճակալներ, որոնք դու կարիք չես ունեցել օգտագործել, տվել ենք մեծաքանակ ԹԱՕ սարքեր, որոնք դու առանց այն էլ պետք է ունենայիր, օգնել ենք թեստավորման հարցում, որը դու ինքդ պետք է անցկացնեիր»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:

«Մենք Նյու Յորքին շատ ավելի շատ փող, օգնություն եւ սարքավորումներ ենք տվել, քան ցանկացած այլ նահանգի»,-հավելել է Թրամփը:

Նա նաեւ անվանել է «ծիծաղաշարժ» Կուոմոյի այն հայտարարությունը, որ նահանգն ունի մինչեւ 40 հազար ԹԱՕ սարքի կարիք: «Մենք տվել ենք բավարար թվով սարքեր»,-հայտարարել է Թրամփը:

Նյու Յորքի իշխանությունները հայտարարում են, որ հոսպիտալացումների եւ ԹԱՕ սարքերին միացումների թիվը նվազել է սոցիալական հեռավորության հաշվին: