Կորոնավիրուսի տարածման ֆոնին հայ-ռուսական համագործակցությունն ակտիվացավ. այն դրսեւորվեց եւ՛ բազմակողմ, եւ՛ երկկողմ ձեւաչափերով:

Առաջին փուլում միավորվեցին գործողությունները ԵԱՏՄ շրջանակում: Ռուսաստանը Միության իր գործընկերներին փոխանցեց թեստ-համակարգեր, որոնց միջոցով հայտնաբերվել են հիվանդության վարակման դեպքեր Հայաստանում, Բելառուսում եւ Ղրղզստանում:

Այդ ֆոնին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տեսահամաժողովի ձեւաչափով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում նշեց Միության երկրներին անհրաժեշտ դեղորայքով եւ բժշկական իրերով ապահովելու անհրաժեշտությունը: Այդ օրը «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարեց, որ շուտով Ռուսաստանը Միության երկրներին թեստ-համակարգեր կփոխանցի: Որոշում ընդունվեց Հայաստանին ռեագենտներ տրամադրել կորոնավիրուսի 20 000 հետազոտում անցկացնելու համար:

Երկրորդ կարեւոր ուղղությունը դարձավ ԵԱՏՄ միասնական շուկայի անխափան աշխատանքի ապահովումը ինչպես լոգիստիկայի, այնպես էլ մաքսային քաղաքականության մակարդակով: Մասնավորապես, որոշում ընդունվեց հանել արտահանման մաքսատուրքերն այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են՝ ախտահանման, անհատական պաշտպանության իրեր, ռեագենտներ, բժշկական սարքավորումներ: Միեւնույն ժամանակ, սահմանվեց երրորդ երկրներ այդ ապրանքների ներմուծման արգելք: Այդ միջոցներն ընդունվեցին՝ նպատակ ունենալով բացառել ԵԱՏՄ տարածքում դեղորայքի եւ բժշկական իրերի պակասը:

Կարեւոր քայլ դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, որի համաձայն՝ Ռուսաստանում գործատուները մինչեւ հունիսի 15-ը կարող են աշխատանքի վերցնել արտասահմանցիների, որոնք աշխատանքի գործող թույլտվություն չունեն:    

Հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակում կարեւոր իրադարձություն դարձավ նաեւ ապրիլի 7-ին ռուսական շարժական լաբորատորիայի ժամանումը Երեւան: Լաբորատորիայում, որը սպասարկում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ստորաբաժանումը, թեստավորվում են եւ՛ հայ, եւ՛ ռուս զինծառայողներ:

Նշենք, որ մինչեւ ապրիլի 13-ը լաբորատորիայում անցկացվել է մոտ 165 թեստ:

Ամփոփումը կազմվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կայքի եւ ռուսական պետական մի շարք կառույցների կայքերի հրապարակումների հիման վրա: