Հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու եւ արտասահմանում մնացած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործընթացին ներգրավված են ավելի քան 200 դիվանագետներ: Այս մասին ապրիլի 21-ին կայացած ճեպազրույցում հայտնեց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատանքը ներկայումս կարելի է բաժանել 3 հիմնական ուղղության՝ առաջնային խնդիրն է հայրենիք վերադառնալ ցանկացող հայրենակիցներին սատարումը, բեռնափոխադրումների անխափան կազմակերպումը եւ միջազգային համագործակցությունը:

Փոխնախարարը կոչ արեց արտասահմանում գտնվող հայրենակիցներին կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, առաջնորդվել դեսպանատների եւ հյուպատոսարանների տեղեկատվությամբ ու խորհուրդներով: «Բացի դիվանագիտական ներկայացուցչություններից, այլ միջամտությունը չի կարող արդյունավետ լինել»,- նշեց Ադոնցը: Նա արձանագրեց, որ մի շարք դեսպանություններ, օրինակ՝ Չինաստանում դեսպանությունը, աշխատում են արտակարգ ռեժիմում: «Մի շարք դեսպանություններ աշխատում են երկրներում, որտեղ իրավիճակն անչափ ծանր է: Ցանկանում եմ գործընկերներին շնորհակալություն հայտնել դժվարին պայմաններում անձնվեր աշխատանքի համար»,- շեշտեց փոխնախարարը:

Ադոնցը նաեւ շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին եւ առանձին երկրների՝ ՄԱԿ-ին, ԵՄ-ին, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին, ԱԷՄԳ-ին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին, Հնդկաստանին: Փոխնախարարը հիշեցրեց, որ Չինաստանը դեղորայքի եւ սարքավորումների օգնություն է փոխանցել, Ռուսաստանը՝ կենսալաբորատորիա: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն միջոցներ են հատկացրել, ԱԷՄԳ-ի 6 մլն դոլար արժեքով ծրագրով Հայաստանին են փոխանցվելու նոր նմուշի մոտ 2 հազար թեստեր: