Կանաչապատման ՀՈԱԿ–ի տնօրենի մրցույթն ավարտվել է եւ կա 2 հաղթող։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հանձնաժողովը 2 հաղթող է ճանաչել եւ ըստ օրենսդրության գործատուն, տվյալ դեպքում՝ քաղաքապետը, ինքն է որոշում, թե 2–ից ում ընտրի, մյուսը տեղափոխվում է կադրերի ռեզերվ, օրենսդրությունը 2 կամ 3 օր է նախատեսում նշանակման համար»,– ասաց Կարապետյանը։

Հարցին, թե ինչո՞ւ են հանձնաժողովի կազմում 2 ավագանու անդամներն էլ «Իմ քայլից» եւ արդյոք հայտնի «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքը չի՞ գործում, Կարապետյանը պատասխանեց. «Որեւէ կանոնակարգում չկա, որը նախատեսում է, որ պարտադիր պետք է այս կամ այն խմբակցությունից լինեն հանձնաժողովի անդամները։ Եթե մենք ունենք 65 հոգանոց ավագանի եւ 58–ը «Իմ քայլը» խմբակցության անդամներ են, կարող ենք մոտավորապես ձեր հարցին պատասխանել։ «Խնամի, ծանոթ, բարեկամ» արտահայտությունն առհասարակ այստեղ տեղին չէ, որովհետեւ հանձնաժողովի անդամներ են եւ այդ 2 ավագանու անդամներից բացի հանձնաժողովի այլ անդամներ էլ կան, այլ գերատեսչությունից ներկայացուցիչներ կան եւ ավելին, որպես դիտորդ հանձնաժողովի աշխատանքներին եւ մրցույթի ընթացքին հետեւելու հնարավորություն է ունեցել ավագանու ցանկացած անդամ եւ «Լույս» խմբակցության անդամները, որքանով որ ես տեղյակ եմ ամբողջական կազմով կարողացել են օգտագործել այդ հնարավորությունը եւ ներկա են եղել մրցույթին»։

Կանաչապատման ՀՈԱԿ–ի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն հրահանգել է դիմում գրել քաղաքապետի կինը, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ հարցին Կարապետյանը պատասխանեց. «Ես որեւէ բամբասանք չեմ ուզում մեկնաբանել, առավել եւս չեմ ուզում մեկնաբանել պարոն Բեգոյանի հայտարարությունները, նա ոչ թե եղել է ղեկավար, այլ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, սա կարեւոր հանգամանք է, իսկ Երեւանի քաղաքապետի տիկնոջ հասարակական հիմունքներով մասնակցությունը այս կամ այն հանրային կարեւորություն ունեցող գործընթացներին, մասնավորապես քաղաքին վերաբերող, գաղտնիք չէ, դրա մասին կարող եք տեղեկություն գտնել մամուլում, այդ ակտիվությունն առկա է եղել 2018 թվականին, Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց առաջ, այդ ակտիվությունը գոյություն ունի հիմա առավել եւս, եւ դրա մասին նաեւ քաղաքապետ հայկ Մարությանն է խոսում։ Ես սա ասում եմ ընդհանրապես Իվա Մարությանի հասարակական գործունեության վերաբերյալ, բայց չեմ մեկնաբանում պարոն Բեգոյանի խոսքերը։ Բամբասանքը հենց այնքանով է բամբասանք, որ դրա մի մասը իրականությանը համապատասխանում է, իսկ մյուս մասը իրականությանը չհամապատասխանող դատողություններով են հյուսվում»։

Դիտարկմանը, որ մրցույթը հրատապ է նշանակվել, եւ որ ոչ բոլորն են տեղյակ եղել, Կարապետյանը պատասխանեց. «Ուրբաթ օրվա տվյալներով դիմում էր հանձնել 10–11 մասնակից, նրանցից մասնակցել են ավելի քիչ՝ 6 կամ 7 հոգի։ Իրազեկումը եղել է օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, տեղի է ունեցել հանրային իրազեկում Երեւանի քաղաքապետրանի պաշտոնական կայքում»։

Մրցույթի մասնակիցները ոլորտի հետ, որքանո՞վ առնչություն ունեն հարցին քաղաքապետի խոսնակը պատասխանեց. «Ես մրցույթի մասնակիցների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունեմ, մասնակցել են բացառապես այն անձինք, որոնք օրենքով իրավունք ունեին մասնակցելու, թե ովքեր են նրանք, չեմ ճանաչում»։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը NEWS.am-ի հետ զրույցում եւս ասաց, որ մրցույթին 6–7 մարդ է մասնակցել եւ 2–ն են հաղթող ճանաչվել. «Արա Աղայան եւ Դավիթ Մելքումյան, նրանցից մեկին էլ քաքաղաքապետը միանձնյա որոշումով կնշանակի ՀՈԱԿ–ի տնօրեն։ Իրենց կենսագրականերին ծանոթ չեմ, քանի որ հանձնաժողովում ընդգրկված չեմ եղել, այլ որպես դիտորդ եմ մասնակցել»։

Անդրադառնալով քաղաքապետի խոսնակի դիտարկմանը, որ մրցույթի մասին իրազեկումը եղել է օրենքի տառին համապատասխան, Խաժակյանը պատասխանեց. «Ակամայից հիշեցի՝ Սերժ Սարգսյանի երբեմնի արտահայոտությունը, որ թղթով ամեն ինչ ճիշտ է, հիմա այս քաղաքային իշխանության մոտ թղթով կարող է ամեն ինչ ճիշտ է, բայց թղթով էլ ճիշտ չէ, որովհետեւ որքանով հասկացա որոշ դիմորդների խոսքերից կան ընթացակարգային խախտումներ, որոնք հնարավոր է՝ իրենց կողմից դատական կարգով վիճարկվեն։ Նախորդ անգամ մրցույթին մասնակցել էր 30–ին մոտ մարդ, ու քանի որ չեն ծանուցել մարդկանց, որ մրցույթ է լինելու այսօր, իսկ այս մրցույթը հրատապ էր եւ նախորդի կրկնությունը պետք է լիներ, եղել է այսպիսի կտրուկ անկում, եւ որը միամիտ չէր, այլ նպատակային»։

Խաժակյանն անդրադարձավ մրցույթին որպես դիտորդ ներկա գտնվելու հանգամանքին. «Մեզ երբեւէ որեւէ մեկը չէր կարող, որպես դիտորդ ներկա գտնվելու իրավունքից զրկել։ Այս իշխանությունը փորձել է նման բան իրականացնել, օրինակ, դպրոցներում մրցույթի ժամանակ, բայց մենք ըննդիմություն չենք լինի, եթե թույլ տանք մեզ զրկեն մեր իրավունքներից»։

Խաժակյանը հիշեց, թե դեռ նախորդ տարի թափառող շների ՀՈԱԿ–ի մասին իշխանություններն ինչպիսի հպարտությամբ էին խոսում. «Նախորդ տարի թե վարչապետը, թե քաղաքապետը իրենց խոսքում որպես իրենց գլխավոր հպարտություններից մեկը այդ տարվա ձեռքբերում նշում էին այդ հիմնարկի գործունեությունը, եւ դա ներառված է վարչապետի 100 ձեռքբերումների մեջ»։

Խաժակյանի խոսքով՝ այս իշխանության ժամանակ քաղաքապետարանում ինչքան մրցույթներով ընտրվածներ կան, բոլորը քաղաքապետի հետ ինչ որ կապեր ունեն. «Չեմ կարող մտաբերել մեկին, որը քաղաքապետի անձնական կամ քաղական շրջապատի փոխկապակցված չի եղել, նույնիսկ Արարատ Խաչիկյանը, որը ազատվեց աշխատանքից հայտնի կոռուպցիոն սկանդալից հետո՝ աղբամանների գնման, նույնիսկ նա եղել է այս իշխանության հետ փոխկապակցված անձ եւ ես ակնկալիք չունեմ, թե Մարությանը պետք է անկողմնակալ մրցույթի կողմակից լիներ, պարզապես զարմացած եմ, որ իր կնոջ միջամտությունը քաղաքային գործերին շարունակվում է «Իմ քայլը» դաշինքի բազմաթիվ դժգոհություններից հետո։

Խաժակյանի խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը  ամուսնու քաղաքապետ նշանակվելու առաջին իսկ օրվանից որոշ ոլորտներ համակարգում է. «Ես միշտ նախընտրել եմ այս թեմայի շուրջ չխոսել, բայց քանի որ մարդ է եղել՝ առաջին աղբյուրից դա հայտնել է, պետք է ասեմ, որ մշտապես, առաջին իսկ օրից, ըստ էության համակարգում է որոշ ոլորտներ, որի մեջ մտնում է նաեւ «Թափառող կենդանինիերի վասազերծման » ՀՈԱԿ–ը եւ արդեն իսկ կանաչապատման նորաստեղծ ՀՈԱԿ–ը։ Կարծում եմ՝ դրա գնահատականը պետք է «Իմ քայլը» տա»։