Կառավարության միջոցներն անարդյունավետ են եւ ոչ ադեկվատ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ նոր իշխանություններն այս երկու տարում չեն կարողացել էական արդյունքների հասնել:

«Ինչ վերաբերում է աջակցության միջոցներին, ապա դրանց արդյունավետությունը կարող էր բարձր լինել: Պետական աջակցություն ստացած շահառուների թիվը, ինչպես ցույց է տվել վիճակագրությունը, շատ ցածր է: Աղքատության բարձր մակարդակի պայմաններում ամենաբարդ վիճակը օրավարձով աշխատողների մոտ է»,-պարզաբանեց տնտեսագետը:

Նա նշեց, որ անցած տարի ոչ կոմպետենտ որոշումների հետեւանքով կապիտալ ծախսերի մասով 500 մլրդ դրամից 350-ը այդպես էլ չի օգտագործվել:

Եվ այժմ, նրա խոսքով, դրանք կարող են օգտագործվել խոցելի շերտերի խնդիրների լուծման համար:

Տնտեսագետի խոսքով՝ տնտեսական ցուցանիշներով կանխտեսում անելը դժվար է, քանի որ անորոշությունն ու ոչ կոմպետենտ կառավարումը դեռ թույլ չի տալիս ադեկվատ անալիզ կատարել, սակայն ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը դեռ գնահատվում է 2 տոկոսի չափով:    

«Կապիտալ ծախսերի մեծացման մասին գաղափարը, որի մասին խոսում են իշխանությունները, վատը չէ, սակայն այն իրականում հեշտ չէ իրականացնել»,-հավելեց տնտեսագետը:

Նա ողջունեց ԿԲ որոշումը՝ կապված մինչեւ 5 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցման հետ:

«Ինչպես հայտնի է, ռիսկերի հետ կապված տոկոսադրույքը միշտ բարձր է եղել, սակայն ԿԲ-ին մի քանի տարում հաջողվեց այն նվազեցնել երկու անգամ»,-եզրափակեց նախկին պատգամավորը: