ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարելէ, թե եթե նույնիսկ ադրբեջանցիները պնդեն, որ Նախիջեւանը «Նոյի թվից» իրենց պապական տարածքն է եղել, «անգամ տոլմայի մեծ մասնագետներից ոչ բոլորը կհավատան այդ կարգի պնդումներին»:
«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. «Դիվանագիտական նրբագեղության այս գլուխգործոցը, պետք է ենթադրել, կոչված է ապացուցելու աշխարհին, որ Նախիջեւանը մեր պատմական հայրենիքն է, եւ ադրբեջանցիները դրա հետ կապ չունեն: Դա, ի դեպ, հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է տոլմայի հիշատակումը նպաստում միջազգային հանրության գիտակցության մեջ այդ մտքի արմատավորմանը: Պրն Նալբանդյանն ընդամենը ցանկացել է ասել, որ Նախիջեւանի` հայկական տարածք լինելը շատ ավելի անվիճելի է, քան տոլմայի` հայկական կերակրատեսակ լինելը, եւ արդյունքում ստացվել է, որ պատմական հայրենիքը համեմատում է ուտելիքի հետ: Ի դեպ, մեր տեղեկություններով, հայկական հեռուստաընկերություննեիկց մեկին շտապ անհրաժեշտ է. «Ի՞նչ եփել այսօր» հաղորդաշարի վարող: Հուսով ենք`պրն Նալբանդյանը բաց չի թողնի այդ հնարավորությունը: Հայ հեռուստադիտողները կշահեն, իսկ հայկական դիվանագիտությունը չի տուժի»:





























