«Հայացք» շաբաթաթերթը անդրադարձել է 2009 թվականի նոյեմբերի 10-ին Սյունիքի մարզի Նորավան գյուղի զորամասում ժամկետային զինծառայող Սերգեյ Մանուկյանի սպանությանը: Դեպքից հետո, ըստ պարբերականի, տեղեկություններ տարածվեցին, որ 19-ամյա ժամկետային զինծառայողն ինքնասպանություն է գործել: 2009-ին գրանցված այս դեպքի առնչությամբ դատավարությունն սկսվեց 2010 թվականին:
«Նշանակված դատաբժշկական եւ դատահոգեբանական փորձաքննությունների այդունքում քրեական վարույթն իրականացնող մարմինը եկավ այն հետեւության, որ զինվորն ինքնասպան է եղել, սակայն մահացած ժամկետային զինծառայողի ծնողները մինչ օրս համոզված են, որ որդին ինքնասպան չի եղել: Մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Սերգեյ Մանուկյանը 2009 թ. նոյեմբերի 10-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իրեն ամրակցված հրազենով կրակել էր իր բերանի մեջ եւ տեղում մահացել: Այսպիսին են քրեական գործի տվյալները:
Համաձայն նույն այդ տվյալների` զինծառայողն ինքնասպանություն գործելուց 1-2 ժամ առաջ նույն զորամասի սպայի` դասակի հրամանատար Վահագն Գասպարյանի կողմից ենթարկվել էր բռնության: Սպան եւ զինծառայողը վիճել էին, սպան ոտքով հարվածել էր Սերգեյ Մանուկյանին, դուրս հանել սենյակից: Գործով նախաքննության ընթացքում պարզվել էր, որ դեպքից դեռեւս ամիսներ առաջ` մայիսին, նույն զինծառայողի եւ նույն սպայի միջեւ տեղի էր ունեցել եւս մեկ միջադեպ: Այդ ժամանակ էլ Գասպարյանը զինվորի նկատմամբ բռնություն էր գործադրել, ինչից հետո զինծառայողը կատարել էր ինքնավնասում. սուր գործիքով կտրել էր ձեռքերի զարկերակները: Զինծառայողի ինքնասպանության փաստի առիթով մեղադրանք էր առաջադրվել զորամասի երեք սպաների, որոնցից մեկն այժմ կալանավորված է: Մեղադրանք էր առաջադրվել նաեւ զորամասի հրամանատար Գեղամ Ասատրյանին: Դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն փաստաբանի միջնորդությամբ ընտրել էր այլընտրանքային խափանման միջոց եւ Ասատրյանին գրավով ազատ արձակել: Բանն այն է, որ ըստ գործում առկա մեկ այլ զինծառայողի ցուցմունքի` Սերգեյ Մանուկյանին ինքնասպանության է դրդել ոչ թե դասակի, այլ զորամասի հրամանատարը: Նշված զինծառայողը նշել է, որ ինքը տեսել է, թե ինչպես զորամասի հրամանատարն իր մեքենայով ցանկացել է դուրս գալ զորամասից, դարպասները բացելիս զինծառայողը դանդաղ է մոտեցել, ինչի համար էլ հրամանատարը նրան ապտակել է: Մինչդեռ Ասատրյանը պնդում է, որ նման բան չի եղել, եւ ինքը չէր կարող զինծառայողին ինքնասպանության դրդած լինել»:
Զինվորի մոր խոսքով`զորամասի հրամանատարը միշտ ցույց է տվել, որ զորամասը բարձր կարգապահություն ունի, որի համար նրան բազմաթիվ պատվոգրեր են տրվել, սակայն իրականում զորամասում տիրող բարոյահոգեբանական վիճակը, հատկապես` սպայական կազմի մակարդակը, այն աստիճան ցածր է եղել, որ նույնիսկ ուղղիչ հիմնարկներում նման փողոցային ու գռեհիկ խոսակցություններ չեն լինում: Պարբերականը նկատում է նաեւ, որ այդպես էլ պարզաբանված չէ այն հանգամանքը, թե ինչու պետք է զինվորի դիակը հայտնաբերելու վայրից 16 մ հեռավորության վրա հայտնաբերվեին Սերգեյ Մանուկյանի արյան հետքերը:





























