Ապրիլի 29-ին, ժամը 18:10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել 50-ամյա Կարինե Գալստյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության աշխատակիցներին նա հայտնել է, որ իրեն վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը Ավանի Խուդյակով փողոցում, «Սթար» սուպերմարկետի մոտ, ապա տեղափոխել տուն եւ հեռացել:
Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի հանձնարարականով ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները ավտովրաերթ կատարելու կասկածանքով բժշկական կենտրոնի մոտակայքից բերման են ենթարկել 25-ամյա Հենրիկ Փիլոսյանին, ով աշխատում է «Դարոյնք» ՍՊԸ-ում` որպես մենեջեր:
Քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Փիլոսյանը Volkswagen Jetta մակնիշի 710 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան 1 հասցեում վրաերթի է ենթարկել Կ.Գալստյանին:
ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:





























