ԱՄՆ իշխանությունները հույս ունեն ստեղծել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը 2021 թվականի հունվարին, սակայն չեն կարող երաշխավորել դա, շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆոցին, հաղորդւոմ է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ դա հեշտությամբ իրագործելի չէ, սակայն շատ հավանական է,-արձանագրել է նա նշված ժամկետի շրջանակում դեղամիջոցը ստեղծելու հնարավորությունների մասին։-Սակայն կան մի շարք իրավիճակներ, որոնց դեպքում կարող են ծագել դժվարություններ»։ Ֆոցին նշել է, որ ավելի վաղ ԱՄՆ իշխանություններն ընտրել են մի քանի հեռանկարային նախագծեր պատվաստանյութը ստեղծելու համար։
Նշվում է, որ ամերիկացի մասնագետները մտադիր են թեստավորել «կորոնավիրուսի դեմ առնվազն 14 պոտենցիալ պատվաստանյութ»։
Ֆոցին մանրամասնել է, որ չի բացառվում, որ ընթացքում կասկածներ ի հայտ գան պատվաստանյութը կիրառելու անվտանգության հարցում։ «Կարող է պարզվել, որ այն իրականում չի օգնում, չի պաշտպանում մարդկանց»,-հավելել է նա։ «Կա ենթադրություն, որ այն կլինի անվտանգ, արդյունավետ, որ մենք կկարողանանք այն կարճ ժամկետում ստեղծել։ Կարծում եմ, որ դա հեշտությամբ իրագործելի չէ, սակայն կարող է լինել շատ հավանական»,-պարզաբանել է նա։ Միեւնույն ժամանակ Ֆոցին ընդգծել է, որ չի կարող «երաշխավորել այդ արդյունքը»։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի մասնագետներն անում են հնարավոր ամեն ինչ հունվարին պատվաստանյութը ստեղծելու ուղղությամբ։
ԱՄՆ գլխավոր վարակաբանը նշել է, որ ներկայում որեւէ պետություն չի կարող երաշխավորել «անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութի» ստեղծումը։ «Նրանք կարող են ցուցաբերել զգուշավոր լավատեսություն, սակայն չեն կարող երաշխիքներ տալ»,-ասել է Ֆոցին։ Նա փաստել է, որ պատվաստանյութը ստեղծելու համար ԱՄՆ-ում կպահանջվի առնվազն «հարյուրավոր միլիոն դոլարներ»։
Ֆոցին հայտնել է, որ պատվաստանյութի ստեղծման գործում մասնակցում է մի քանի ամերիկյան կառույց, այդ թվում՝ Առողջապահության ազգային ինստիտուտները եւ պարենամթերքի եւ դեղորայքի որակի հսկողության վարչությունը, որոնք ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների կազմում են, ինչպես նաեւ պաշտպանության նախարարությունը։





























