Անցած օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել, առողջացել է 53 մարդ, մահվան դեպք չի գրանցվել, այս մասին է վկայում  Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հստակեցվում է, որ բոլոր երեք դեպքերը ներմուծված են, երկուսը` Շանհայում եւ մեկը` Շանդուն նահանգում: Ընդհանուր առմամբ, Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1675 ներմուծված դեպք, 402 մարդ դեռ հիվանդ է, հինգը ծանր վիճակում է, առողջացել է 1273 հիվանդ, արտասահմանից Չինաստան եկած վարակված որեւէ մարդ չի մահացել:

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգից (կենտրոնական ենթակայության քաղաքներից, շրջաններից) տեղեկատվություն է ստացել է կորոնավիրուսով վարակման 82.880 նոր դեպքի մասին, այդ թվում այժմ շարունակում է հիվանդ մնալ 481 մարդ (33 մարդ` ծանր վիճակում), 77.766 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 4.633 մարդ մահացել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսել էին տվյալներ հրապարակել հիվանդության ասիմպտոմատիկ դեպքերի վերաբերյալ. անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 13 նման դեպք, որից երկուսը ներմուծված են: Անցած օրվա ընթացքում կարանտինից ազատվել է 19 մարդ, որոնց կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական էին, սակայն հիվանդությանը բնորոշ ոչ մի ախտանիշ չէր դրսեւորվել: Հիվանդության 962 ասիմպտոմատիկ կրող շարունակում է մնալ բժիշկների վերահսկողության տակ:

Համավարակի օջախ համարվող Հուբեյ նահանգում վերջին օրվա ընթացքում վարակման կամ մահվան որեւէ դեպք չի գրանցվել, հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված հիվանդներ չկան: Համավարակի սկզբից Հոնկոնգում հայտնաբերվել է վարակման 1.039  դեպք (նրանցից չորսը մահացել է, 879-ը առողջացել է), 45 դեպք հայտնաբերվել է Մակաոյում (38-ն արդեն դուրս է գրվել), Թայվանում վարակվել է 436 մարդ (վեցը մահացել է, 332-ը բուժվել է):

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին : Մասնագետները պարզել էին, որ հիվանդության պատճառը նոր կորոնավիրուսն է, ավելի ուշ հիվանդությունը պաշտոնապես COVID-19-ն էր անվանվել: ԱՀԿ-ն մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Մարտի 29-ին ՉԺՀ-ի Առողջապահության հարցերով պետական կոմիտեն հայտարարել էր, որ համավարակի տարածումը երկրում, ընդհանուր առմամբ, դադարեցվել է: