Բեռլինում ուժի մեջ կմտնի մեղամացումների նոր փուլը. երկուշաբթիից թույլատրվել է վերսկսել թանգարանների, ցուցասրահների, հուշահամալիրների, վարսահարդարման սրահների աշխատանքը: Վերականգնվում են կրոնական ժամերգությունները, իսկ իշխանությունների հետ համաձայնեցված ցույցերի մասնակիցների առավելագույն թիվը 20-ից մեծացվել է մինչեւ 50, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անհրաժեշտ է հասկանալ, որ գերմանական դաշնության ուժով յուրաքանչյուր երկրամաս ընթանում է իր ճանապարհով. ինչ-որ տեղ կանոններն ավելի խիստ են, ինչ-որ տեղ՝ ավելի մեղմ, ամեն տեղ տուգանքները տարբեր են, ամեն տեղ վերահսկման տարբեր մակարդակ է, համաճարակային իրավիճակը եւս արմատապես տարբերվում է երկրի հարավում եւ հյուսիսում: Գերմանիայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոններն են Բավարիան, Հյուսիսային Ռեյն-Վստֆալիան եւ Բադեն-Վյուրտենբերգը, այնտեղ կանոններն էլ ավելի խիստ են:
Բեռլինը մնացյալ Գերմանիային գերազանցում է
Բեռլինում կյանքը թեկուզ եւ դանդաղորեն, բայց ամեն դեպքում նախկին հուն է վերադառնում. անցյալ շաբաթից այցելուների են ընդունում առեւտրի կենտրոնները, բաց են մանկական հրապարակները, կենդանաբանական այնգիները, աշխատանքի են գնում ավելի մեծ թվով մարդիկ: Այսօրվանից բացվում են պետական գրադարանները, հանրային տրանսպորտը սկսում է երթեւեկել կարճատեւ ընդմիջումներով:
Բոլոր մեղմացումներն ուղեկցվում են հիգիենայի խիստ միջոցառումներով: Թանգարաններում հնարավոր է գտնվել դիմակներով եւ 1,5 մետր հեռավորության պահպանմամբ: Որոշ ցուցասրահներ խստորեն կարգավորում են տոմսերի վաճառքը եւ այցելուներին ներս են թողնում միայն նախնական գրանցման դեպքում:
Յուրաքանչյուր թանգարանի տնօրինություն ինքն է որոշում՝ ի վիճակի՞ է արդյոք պահպանել սահմանափակման միջոցառումները եւ ապահովել այցելուների անվտանգությունը: Տեխնիկական թանգարանը, որտեղ մեծ թվով ինտերակտիվ ցուցադրանմուշներ կան, առայժմ փակ կմնա: Բացվող ցուցասրահների մանրամասն ցուցակը հրապարակված է քաղաքային իշխանությունների պաշտոնական կայքում:
Անցած շաբաթ, որոշ դաշնային հողերում դպրոցները բացվել էին տարրական եւ միջին դասարանների աշակերտների համար: Մայիսի 4-ից Բեռլինում ուսումնական հաստատություններ կհաճախեն նաեւ բարձրդասարանցիները: Berliner Morgenpost պարբերականի հաշվարիկներով՝ դասասեղանների մոտ կնստեն մայրաքաղաքի աշակերտների մոտ քառորդ մասը:
Կրոնական ժամերգություններին կարող են այցելել միաժամանակ առավելագույնը 50 մարդիկ: Կարգադրված է նրանց անունները եւ հասցեները գրանցել եւ այդ ցուցակները պահպանել մեկ ամիս: Այսպիսի կարգ է մտցվում ոչ միայն Բեռլինում, այլեւ գրեթե ամբողջ երկրում:
Հետագա մեղմացման կուրս
Դպրոցներն այս կամ այն չափով աշխատում են արդեն ամբողջ Գերմանիայում, բայց զգալի սահմանափակումներով՝ դասերն անցկացվում են ոչ մեծ խմբերով, դասամիջոցները տարբեր ժամերի են, դպրոցական նստարանների միջեւ մեծ հեռավորություն է պահպանվում: Այսօրվանից դասերին աշակերտների թիվն ավելի մեծ կլինի, սակայն սահմանափակումները հազիվ թե պակասեն:
Գերմանիայի իշխանությունները վարակակիրների վցիճակագրությունը թարմացնելիս անընդհատ կրկնում են, որ երկրում իրավիճակը չափազանց բազմապիսի է: Բավարիայում 100 հազար բնակչին բաժին է ընկնում վարակման 327 դեպք: Իսկ Մեկլենբուրգում (Առաջնային Պոմերանիա), օրինակ, 43 դեպք: Տրամաբանական է, որ անիմաստ է ամենուր միանման միջոցառումներ ընդունել: Եթե դիտարկենք նույն Բավարիան, ապա այնտեղ, հակառակը, մինչեւ հիմա տանից դուրս գալու զգալի սահմանափակումներ կան:
Սաքսոնիայում, որտեղ համաճարակաբանական իրավիճակը համեմատաբար հանդարտ է, երկուշաբթիից կմեղմացնեն սոցիալական շփումների սահմանափակումները: Ըստ ավելի վաղ գործող կանոնների՝ այնտեղ փողոցով կարելի էր քայլել առավելագույնը 2 հոգով: Իսկ հիմա թույլատրված է փողոցում լինել 5 մարդու ընկերակցությամբ: Այս դաշնային հողը պատրաստվում է մայիսի 11-ից թույլատրել այցելություններ ծերանոցներ: Մայիսի 22-ից կարող են բացվել առաջին ռեստորանները:
Թյուրինգիայում բացվում են կոսմետիկայի սրահները, երաժշտական կրթական հաստատությունները, ավտոդպրոցները: Մինչեւ մայիսի վերջը պատրաստվում են մշակել տուրիստական ուղեւորությունների վերականգնման եւ ռեստորանների բացման ծրագիրը:
Մոտակա հեռանկարը
Երկրում հանրային կյանքն ընդհանուր առմամբ, ինչպես նախկինում, զգալիորեն սահմանափակված է: Չեն գործում սրճարանները, ռեստորանները, բարերը, մարզադահլիճները, հանրային լողավազանները եւ այլն: Դժվար է ընտելանալ շնչադիմակներով անցորդներին, խանութների առջեւ ձգված երկար հերթերին եւ ամենուր հանդիպող ոստիկաններին:
Հիմա ամեն ինչ այնպես է թվում, որ Գերմանիային կհաջողվի խուսափել ամենավատթար սցենարից, երբ համավարակի պատճառով լեփ-լեցուն են հիվանդանոցները եւ առողջապահության համակարգը դադարում է խնդիրը հաղթահարել: Այս ամբողջ ժամանակահատվածում Գերմանիայում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 162 հազար մարդ, նրանցից ապաքինվել է 130 հազարից ավելին: Առողջապահության համակարգի վրա չափից ավելի մեծ ծանրաբեռնվածությունը բացառված է, իսկ վիրուսի վերարտադրման ինդեքսը միավորից ցածր է: Սա նշանակում է, որ ինֆեկցիայի փոխանցման տեմպերը կրճատվում են:
Սակայն իշխանություններն առայժմ չեն կարող ասել, թե գերմանացիներին երբ կհաջողվի վերադառնալ սովորական կյանքին: Ինչպես սպասվում է, եթե միտումը պահպանվի, մայիսի առաջին տասնօրյակում կարող են համաձայնեցնել նոր մեղմացումները, բայց հազիվ թե արմատական:





























