Ճապոնիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են մինչեւ մայիսի 31-ը` երկրում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Համապատասխան որոշումը կայացվել է երկուշաբթի վարակի տարածմանն ուղղված միջոցառումների կառավարական շտաբի նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչեւ մայիսի 31-ը»,- հանդիպման ժամանակ ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ սահմանափակումները կարող են հանվել մինչեւ նշված վերջնաժամկետը: «Ես ակնկալում եմ մայիսի 14-ին լսել փորձագետների կարծիքը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Գնահատելով համապատասխան հնարավորությունը` ես կցանկանայի վերացնել սահմանափակումները` առանց ժամկետի ավարտին սպասելու», - շեշտել է երկրի վարչապետը:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 15.9 հազարը, 322 վարակված գտնվում է ծանր վիճակում, գրանցվել է մահվան 555 դեպք: