Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձեւաչափով կազմակերպել մայիսի 19-ին Մինսկում նախատեսված ԵՏՄ գագաթնաժողովը, բայց անձամբ հնարավոր է համարում առերես հանդիպումը: Նա այս մասին ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ զրույցի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ես այսօր զրուցել եմ Ղազախստանի նախագահ Տոկաեւի հետ: Նրանք հիմա խորհրդակցում են Ռուսաստանի նախագահի հետ: Ինչ որ կարող եմ ձեզ ասել, ասացի նաեւ նրան՝ ես ձեր ծառան եմ, ինչպես ասեք, այդպես էլ կլինի: Ես միջոցառումը կկազմակերպեմ: Պատրաստ եմ մայիսի 19-ին բոլորիդ ընդունել: Խոստանում եմ ամբողջական անվտանգություն: Վստահ եմ, որ դուք հաճույքով այստեղ գտնվելով՝ Մինսկից կհեռանաք լավ տրամադրությամբ, եթե, իհարկե, հանգամանքները ձեզ թույլ տան դա անել»,- հայտարարել է Լուկաշենկոն:
«Գիտեմ, որ դուք (Իգոր Դոդոնը) միշտ կգաք մեզ մոտ: Ղազախստանը եւս պատրաստ է գալ: Տեսնենք, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի նախագահի արձագանքը: Քանի որ նրանց մոտ, ինչպես տեսնում ենք լրատվամիջոցներից, իր Պուտինի հայտարարություններից, իրավիճակն այնքան էլ լավը չէ: Բայց վստահ եմ, ամսի 12-ից նրանք նույնպես կմեղմեն այդ կարանտինը: Ուստի մայիսի 19-ին, եթե Մինսկ այցելելու ցանկություն ունենաք, ես մեծ հաճույքով ձեզ կընդունեմ, եւ մենք պատրաստ կլինենք այդ միջոցառման անցկացմանը»,- հավաստիացրել է նա:
Լուկաշենկոյի խոսքով՝ ինքն այնքան էլ չի ընկալում տեսակոնֆերանսների ձեւաչափը: «Մարդիկ արդեն սկսում են մեզ վրա ծիծաղել: Եթե ցանկանում ենք հարցերը լրջորեն քննարկել, կարելի է հավաքվել այստեղ եւ դեմ առ դեմ քննարկել: Թող մեր հետեւից ահռելի թվով պաշտոնյաների քարշ չտանք, թող լինի մեկ-երկու խցիկ, մեր անձնական օպերատորները, լուսանկարիչները, որոնք կկարողանան արձանագրել այդ իրադարձությունը, բայց մենք կարողանայինք հանդիպել եւ խոսել այստեղ»,- կարծում է նա:
Բելառուսի ղեկավարը վստահ է, որ Մինսկում նախանշված օրը երկրների ղեկավարների առերես հանդիպման խոչընդոտներ չկան: «Բայց ամեն ինչ կախված կլինի ձեզնից, իմ հյուրերից: Եթե դա անհնար է, կարծում եմ, որ մենք վերջիվեևրջո կարող ենք այս միջոցառումը հետաձգել, մինչեւ իրավիճակը կորոշակիանա եւ կհանդարտվի: Բայց եթե դուք որոշեք տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացնել, մենք ակնթարթորեն կգործարկենք բոլոր լծակները եւ այդ միջոցառումը կկազմակերպենք տեսակոնֆերանսի ձեւով: Չնայած բոլորովին վերջերս, ինչպես գիտեք, մենք նման միջոցառում ենք անցկացրել ԵՏՄ շրջանակում եւ այս հարցերը քննարկել ենք»,- ամփոփել է Ալեքսանդր Լուկաշենկոն:





























