Երեքշաբթի Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման ընդամենը 1 նոր դեպք, եւ 7-րդ օրն անընդմեջ COVID-19-ի հետեւանքով մահվան ոչ մի դեպք, Բանգկոկում Կառավարական տանը կայացած ճեպազրույցում հայտնել է Թաիլանդի կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի կենտրոնի մամուլի քարտուղար Թհավիսին Վիսանույոթհինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման միայն մեկ դեպք եւ դարձյալ մահվան ոչ մի դեպք չկա»,- ասել է նա:

«Միակ նոր պացիենտը բնակվում է  Թաիլանդի հարավում: Նա վարակվել է հիվանդների խմբից, որոնք իրենց հերթին վարակվել են դեռեւս մինչեւ սահմանների փակվելը Մալայզիայի մզկիթներից մեկում մուսուլմանական կրոնական արարողության ժամանակ»,- ասել է մամուլի քարտուղարը:

Նա նաեւ հայտնել է, որ Թաիլանդում համաճարակի սկսվելուց ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հիմա կազմում է 2 988 մարդ, կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացածների թիվն անփոփոխ է՝ 54 մարդ, ամբողջությամբ ապաքինվել է  2 747 մարդ:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը հայտարարել էր համավարակ: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 3,43 մլն դեպք, մահացել է մոտ 240 հազար մարդ: