Լոնդոնի Կայսերական քոլեջի համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնը ստիպված է եղել լքել կառավարության խորհրդականի պաշտոնը` կորոնավիրուսի պատճառով ներդրված մեկուսացման ռեժիմը խախտելու պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Guardian-ը:

Պարբերականի տվյալներով` Ֆերգյուսոնը, որի կանխատեսումները հաշվի էին առնվում երկրում սոցիալական հեռավորության խիստ կանոնների ներդրման ժամանակ, հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնն արտակարգ դրության հարցերով կառավարական գիտախորհրդատվական խմբում` «սխալ դատողության» պատճառով:

Guardian-ը նշում է, որ համաճարակաբանի կողմից ինքնամեկուսացման կանոնների խախտումը կայանում է նրանում, որ երկրում խիստ մեկուսացման միջոցառումներ մտցնելուց հետո իրեն Լոնդոնի մյուս ծայրից երկու անգամ իր սիրուհին է այցելել:

«Ես խոստովանում եմ, որ սխալ եմ թույլ տվել եւ ինձ սխալ եմ պահել: Ուստի ես դադարել եմ մասնակցել արտակարգ իրավիճակների գիտախորհրդատվական խմբին: Ես գործել են, կարծելով, որ ես իմունիտետ ունեմ` կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունքները ստանալուց եւ երկու շաբաթ ամբողջությամբ ինքնամեկուսանալուց հետո»,- նշել է համաճարակաբանը:

Հատկանշական է, որ ապրիլի վերջին հենց Ֆերգյուսոնն էր նախազգուշացրեց, որ Մեծ Բրիտանիայում կարանտինի վաղաժամ չեղարկումը մինչեւ տարեվերջ կարող է ավելի քան 100 հազար մարդու մահվան հանգեցնել: Փորձագետը նշել էր, որ ինքնամեկուսացման ռեժիմը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսի խնդրի դեղագործական լուծում չի գտնվել` լինի դա պատվաստանյութ, թե դեղամիջոց: