Ղազախստանը Ադրբեջանին է հանձնել սպանված ձկնորսի դին:

Պետական սահմանապահ ծառայությանը վկայակոչելով՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մայիսի 6-ին Կասպից ծովի կենտրոնական հատվածում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պահականավը ընդունել է այս տարվա ապրիլի 30-ին Ղազախստանի Անվտանգության ազգային կոմիտեի սահմանապահ ծառայության առափնյա պահպանության աշխատակիցների կողմից Ադրբեջանի քաղաքացիներին ձերբակալելու ժամանակ զենքի կիրառման հետեւանքով սպանված Գահրաման Իբրահիմովի դին, որը փոխանցվել է նրա ընտանիքին:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Ղազախստանի եւ Ադրբեջանի ջրային սահմաններում  տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհվել էր ադրբեջանցի ձկնորս: Նեֆթչալիսկի շրջանի բնակիչները նավակով խախտել էին ջրային սահմանները, եւ ղազախ սահմանապահները կրակ էին բացել նրանց վրա: Մեկը զոհվել էր, եւս երկուսը՝ վիրավորվել: