Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նամակ է ուղարկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանվ Տյան Էրլունին՝ կապված երկրից ռազմավարական նշանակության «Հյուսիս-Հարավ» շինարարական նախագծի կառուցապատող «Սինոհիդրո» ընկերության աշխատակիցների հեռանալու իրավիճակի հետ։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում իրեն կհաջողվի հանդիպել դեսպանի հետ։
«Մեզ անհրաժեշտ է իմանալ Հայաստան կառուցապատողի վերադառնալու հնարավորությունների եւ ժամկետների մասին»,- ասաց Պապիկյանը։
Նախարարի խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակը խորացրել է իրավիճակը, եւ խնդիրները օրեցօր կավելանան։ Սրա հետ կապված՝ Պապիկյանը նկատեց, որ չինացի գործընկերների հետ իրենք ունեցել են համատեղ օրակարգ, եւ, բացի այդ, քննարկվել է աշխատանքների լրացուցիչ ծավալի հարցը։
«ՀՀ կառավարությունը կարեւորություն է տալիս «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման ժամկետներին, եւ եթե մեր չինացի գործընկերները չկարողանան վերադառնալ, ապա մենք պետք է նրանց հետ քննարկենք ստեղծված իրավիճակի լուծման այլ հնարավորություններ»,- ընդգծեց նախարարը։





























