Ռոկի Մաունթին ինստիտուտի նոր զեկույցում ասվում է, որ կենցաղային գազը ներսի օդը 2-5 անգամ ավելի կղտոտ է դարձնում, քան դրսում է, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։

Նոր ուսումնասիրությունը բարձրացնում է գազի վառարաններից բնակարաններում օդի աղտոտվածության խնդիրը: Բանն այն է, որ այժմ, երբ մարդիկ համավարակի պատճառով ստիպված են նստել տանը, նրանք ավելի մեծ վտանգի են ենթարկվում, քան սովորաբար:

Ամերիկացիների մոտ մեկ երրորդը հիմնականում ուտելիքը պատրաստում է գազի վրա, որը արտանետում է ազոտի երկօքսիդ եւ ածխածնի մոնոօքսիդ: Հին, վատ պահպանված վառարանները ոչ միայն աղտոտում են «տնային միջավայրը», բոլորը գիտեն, որ դրանք նաեւ շատ վտանգավոր են շմոլ գազի արտահոսքի պատճառով:

Նույնիսկ ազոտի երկօքսիդի ազդեցության մի փոքր բարձրացումը կարող է մեծացնել երեխաների մոտ ասթմայի առաջացման ռիսկը: Վերլուծությունը ցույց է տվել, որ գազօջախներով տներում ասթմայի ախտանիշների հավանականությունը 42%-ով ավելի մեծ է: Ավստրալիայում մանկական ասթմայի 12.3%-ը տներում գազօջախների առկայության հետեւանք է։

Ազոտի երկօքսիդը նաեւ խորացնում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը եւ կարող է կապված լինել սրտի հիվանդությունների, շաքարախտի ու քաղցկեղի հետ: Շմոլ գազով թունավորումը կարող է առաջացնել գլխացավեր, սրտխառնոցներ, սրտի հաճախականություն, սրտի կանգ եւ մահ:

Լավագույն լուծումը, ըստ զեկույցի, էլեկտրական վառարաններին անցնելն է: Ռիսկը նվազեցնելու համար հետազոտողները գազօջախներ օգտագործող մարդկանց խորհուրդ են տալիս բացել պատուհանները, օգտագործել ծխատար պահարաններ, HEPA ֆիլտրով օդամաքրիչ միջոց եւ անպայման տեղադրել շմոլ գազի դետեկտոր: